Վենեսուելայի գործադիր նախագահ Դելսի Ռոդրիգեսը լուրջ վնասվածք է ստացել Սուկրայի նահանգում ծառի ընկնելու հետեւանքով, երբ օգնում էր «Բերիլ» փոթորկից տուժած բնակչությանը։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Venezolana de Televisión հեռուստաալիքի ուղիղ եթերում։

«Ցավոք, Դելսի Ռոդրիգեսը վնասվածք է ստացել, երբ օգնություն էր ցուցաբերում Կոմանակոայի [Մոնտես մունիցիպալիտետի վարչական կենտրոնի] բնակիչներին»,- տեղեկացրել է նախագահը։ «Նա ծառի տակ էր, երբ ուժգին քամին տապալել է մի քանի ծառեր»,- ասել է Մադուրոն։ Նա տեղեկացրել է, որ Ռոդրիգեսը «գիտակից վիճակում է, նա ուժեղ է եւ շուտով կապաքինվի»։

«Բերիլ» փոթորկի առաջացրած հեղեղման հետեւանքով Կոմանակոայում զոհվել է երկու մարդ, հինգ հոգի անհետ կորել է։

ԱՄՆ փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը ավելի վաղ տեղեկացրել էր, որ  «Բերիլը», որը ձեւավորվել է Ատլանտյան օվկիանոսում, հասել է առավելագույն ուժգնության՝ հինգերորդ կարգի։ Քամու առավելագույն արագությունը հասնում է 71 մ/վրկ-ի, ինչը համապատասխանում է Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի հինգերորդ կարգին, որը բնութագրում է առավելագույն ուժի փոթորիկները։ «Բերիլն» այժմ գտնվում է Պոերտո Ռիկոյում եւ շարունակում է շարժվել դեպի հյուսիս-արեւմուտք։