Ավելի քան 91 հազար մարդ 2023թ. կորել է Ճապոնիայում տարբեր հանգամանքներում։ Այս թիվն ավելանում է երրորդ տարին անընդմեջ, նշված է երկրի Գլխավոր ոստիկանական վարչության զեկույցում։

Այս թվից 19 հազարը դեմենցիա ունեցող կամ այդ հիվանդության մեջ կասկածվող մարդիկ են։ Սա ամենամեծ թվաքանակն է 2012 թվականից ի վեր, երբ սկսել են նման վիճակագրություն վարել։ Ճապոնիայում դեմենցիա ունեցող մարդկանց անհետացումներն ավելանում են 11-րդ տարին անընդմեջ, այն կրկնակի ավելացել է 2012թ. ցուցանիշի համեմատ։ Դեմենցիայի պատճառով անհետացածների 55,7 տոկոսը տղամարդիկ են։

Ճապոնիայում բնակչության ծերացմանը զուգընթաց՝ նման դեպքերի թիվն ավելանում է, Տոկիոյի մամուլի ասուլիսում հայտնել է Հանրային անվտանգության ազգային հանձնաժողովի նախագահ Յոսիֆումի Մացումուրան։ «Մենք աշխատում ենք ավելի արագ եւ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ՝ դեմենցիա ունեցող մարդկանց օգնելու համար»,- նշել է նա։

Այժմ 65-ից բարձր տարիքի մարդկանց բաժին է ընկնում Ճապոնիայի բնակչության գրեթե 30 տոկոսը։ Որոշ շրջաններում դեմենցիա ունեցող մարդկանց սկսել են շարժական սարքեր բաժանել, որոնք կարող են ֆիքսել նրանց գտնվելու վայրը։ Կորածներին փնտրելու համար սկսել են դրոններ օգտագործել։

Միեւնույն ժամանակ, նշվել է զեկույցում, Ճապոնիայում մարդկանց կեսից ավելիի անհետացումները կապված են, ինչպես կարծում են, ընտանեկան խնդիրների, բիզնեսի կամ աշխատանքում տիրող վիճակի հետ։