Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղից մեկ ու կես ամիս անց դեռ բոլոր բնակիչները չէ, որ վերադարձել են ջրհեղեղից առավել տուժած Ալավերդու Քարկոփ բնակավայր: NEWS.am-ի հետ զրույցում Հերմինե Պետրոսյանը պատմեց, որ շենքերի երկրորդ եւ երրորդ հարկի բնակիչներն են միայն վերադարձել, իսկ առաջին հարկերում հիմնականում դեռ բնակելի չէ:

«Առաջին հարկի բնակիչները փորձում են իրենց բնակարանները վերանորոգել, քանի որ հնարավոր չէ այդպես ապրել: Տիղմը ամբողջապես մաքրել են, բայց խոնավություն կա, որը պետք է վերանորոգեն, նոր կարողանան բնակվել»,-ասաց նա:

Պետրոսյանը ասում է, որ մոտավորապես 15 ընտանիք կա, որ այս պահին չի կարողանում բնակվել գյուղում, հուսով են, շուտով այս հարցն էլ կկարողանան լուծել:

Համայնքապետը նշեց, որ թեեւ կառավարությունը որոշումն արդեն ընդունել է, սակայն փոխհատուցում դեռ ոչ ոք չի ստացել, դիմումներն են սկսել լրացնել: Նրա  խոսքով բնակարանների վերանորոգման համար մեկ քառակուսու համար որպես փոխհատուցում կտրամադրվի 60 հազար դրամ, իսկ առաջնային գույքի համար 1 միլիոն 200 հազար դրամ:

«Կարող են լինել մի երկու մարդ, որ դժգոհ լինեն, բայց ինչքան ես զրուցել եմ, մարդիկ դժգոհ չեն փոխհատուցումից»,- նշում է նա:

Պետրոսյանը նշում է, որ գյուղատնտեսական հողեր համայնքը չունի, հիմնականում այգիներ են, որոնք ջրհեղեղից մեծամասամբ վնասվել են, առավել շատ գետին մոտ գտնվող այգիները:

«Մարդկանց վնասները տարբեր են, մեկի տունն է ավելի շատ վնասվել, մյուսի այգին կամ այլ շինությունը: Գյուղում 26 մեքենա մնացել էր ջրի տակ, դա էլ է վնաս, մարդիկ վերանորոգում են, որ կարողանան օգտագործել»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ նման մեծամասշտաբ աղետի առաջին անգամ են առերեսվում, համայնքապետն ասում է, որ հետագայի համար նախապաշտպանական քայլեր են արվելու, գետի հունն է լայնացվելու, որպեսզի հնարավորինս խուսափեն նման աղետալի հետեւանքներից:

«Մենք ջրհեղեղի օրը մարդկային կորուստներից կարողացանք խուսափել մեր տղաներիկ կազմակերպված աշխատանքի եւ տրակտորիստի ջանքերի շնորհից, որը ուղղակի փրկել էր մարդկանց»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով Քարկոփը առավել շատ տուժած բնակավայրերից էր, գյուղն ամբողջապես մնացել էր ջրի տակ, բնակիչներին տարհանել էին Ճոճկան բնակավայր: