Նապոլեոն Բոնապարտի հավաքածուի երկու ատրճանակներ կիրակի վաճառվել են աճուրդում 1,69 մլն եվրոյով, տեղեկացրել է Agence France-Presse-ը։
Գործակալության տեղեկացմամբ՝ Osenat եւ Rossini աճուրդների տների կազմակերպիչները ատրճանակների վաճառքը «հաջող» են համարում։ Գնորդի մասին տեղեկություն նրանք չեն հրապարակում։
Ավելի վաղ Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը իր ազգային ունեցվածքն էր անվանել Նապոլեոնի հավաքածուի այդ երկու ատրճանակները եւ արգելել էր դրանք դուրս բերել երկրի տարածքից։ Որոշումը հրապարակվել է ատրճանակները աճուրդի հանելուց մեկ օր առաջ։ Osenat աճուրդների տան կազմակերպիչները լոտը գնահատել էին 1,2-1,5 մլն եվրո։ Կանոնների համաձայն, որոնք կիրառվում են այդպիսի կարգավիճակ ունեցող իրերի հանդեպ, դրանք չեն կարող դուրս տարվել Ֆրանսիայից առանց իշխանությունների հատուկ թույլտվության, ընդ որում՝ դուրս տանել թույլատրվում է միայն սահմանափակ ժամանակով։





























