Boeing կորպորացիան համաձայնել է գործարքի կնքել ԱՄՆ արդարադատության նախարարության հետ և իրեն մեղավոր է ճանաչել խարդախության մեջ՝ կապված Ինդոնեզիայում և Եթովպիայում 737 MAX ինքնաթիռի երկու վթարների հետ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով նախարարության՝ դատարան ներկայացված հայտարարությանը։

Գործարքը պետք է հաստատվի դատարանի կողմից։ Ինչպես նշում է Reuters-ը, մեղքի ընդունումը «պոտենցիալ վտանգի տակ է դնում Boeing-ի կարողությունը՝ ապահովելու շահութաբեր պետական ​​պայմանագրեր, ինչպես օրինակ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության և NASA-ի հետ»: Միևնույն ժամանակ, դատավարությունը, որն այժմ տեղի չի ունենա, կարող է «հասարակության ուշադրությունը հրավիրել ընկերության կայացրած որոշումների վրա՝ ինքնաթիռի կործանման նախօրեին»։

Արդարադատության նախարարության հետ համաձայնագրի պայմանների համաձայն՝ Boeing-ը կվճարի 243,6 միլիոն դոլարի տուգանք, ինչպես նաև պետք է երեք տարվա ընթացքում ծախսի առնվազն 455 միլիոն դոլար՝  թռիչքների անվտանգության բարելավման համար։ Գործարքը ենթադրում է անկախ դիտորդի նշանակում, որը կհրապարակի կորպորացիայի կատարած աշխատանքի վերաբերյալ տարեկան հաշվետվությունները։

Բացի այդ, նախատեսվում է Boeing-ի տնօրենների խորհրդի հանդիպումները երկու ավիավթարների արդյունքում զոհվածների հարազատների հետ։

Գործարքը քննադատության է ենթարկվել ավիավթարի զոհերի ընտանիքների կողմից։ Նրանցից մի քանիսի փաստաբաններն ասացին, որ կխնդրեն դատարանին մերժել գործարքը: Նրանց կարծիքով, Boeing-ը պետք է գնա դատավարության և ավելի լուրջ ֆինանսական ծախսեր կրի։

2018 թվականի հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում վթարի ենթարկվեց Lion Air Boeing 737 MAX ինքնաթիռը, որի հետևանքով զոհվեց 189 մարդ: 2019 թվականի մարտի 10-ին Եթովպիայում վթարի է ենթարկվել Ethiopian Airlines-ի նույն մոդելի ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել է 157 մարդ։ Երկու դեպքում էլ աղետի հիմնական պատճառը եղել է օդանավի մանևրման արդյունավետության բարձրացման համակարգի (MCAS) խափանումը: