ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պարկինսոնի հիվանդության դեմ բուժում չի անցնում։ Այսպիսի հավաստիացմամբ ճեպազրույցում հանդես է եկել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը։

«Արդյո՞ք նախագահը բուժում ստանում է Պարկինսոնի հիանդության դեմ։ Արդյո՞ք նա հիմա բուժվում է Պարկինսոնի հիվանդությունից։ Ոչ։ Ընդունո՞ւմ է նա արդյոք որեւէ դեղամիջոց Պարկինսոնի հիվանդության դեմ։ Ոչ»,- նշել է Ժան-Պիեռը։ Նա ընդգծել է, որ չի նշի մասնագետների անունները, որոնք կարող էին այցելել Սպիտակ տուն։

Ավելի վաղ The New York Post թերթը, հղում կատարելով Սպիտակ տան այցելությունների գրանցամատյանին, տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահի բուժող բժիշկ Քեւին Օ՛Քոնորը հունվարին հանդիպել է Ուոլթեր Ռիդի անվան բժշկական կենտրոնի նյարդաբան, դոկտոր Քեւին Քանարդի հետ, որը Պարկինսոնի հիվանդության մասնագետ է։ Թերթի տեղեկություններով՝ հանդիպումը տեղի է ունեցել Սպիտակ տանը կից կլինիկայում հունվարի 17-ին։