«Երբ ընդլայնման մեծ ալիքը իրական դառնա, Վրաստանն անպայման կդառնա դրա մի մասը»,- ասել է «Վրացական երազանքի» պատգամավոր Բեկա Դավիթուլիանին՝ մեկնաբանելով Վրաստանում ԵՄ դեսպանի հայտարարությունն այն մասին, որ «ներկա պահին Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը դադարեցվել է», տեղեկացրել է SOVA-ն։

«Վրաստանը կդառնա ընդլայնման մեծ ալիքի մասը։ Ցավոք, ներկա պահին ընդլայնման մեծ ալիք չի նախատեսվում։ Երբ այդ ալիքը իրական դառնա, Վրաստանն անպայման կդառնա դրա մի մասը, շատ բան է կատարվում համաշխարհային քաղաքականությունում, եւ այդ ամենից հետո դասավորվածությունը պարզ կդառնա։

Ես հուսով եմ, որ ժամանակի ընթացքում դա կհասկանան եւ կկարողանան խուսափել այդ ժամանակավոր կրքերից ու հույզերից եւ պրագմատիկ կմտածեն...

Ոչ մի ահավոր բան, մենք ժամանակավորապես կանգ կառնենք եւ կշարունակենք հաջորդ տարվանից»,- ասել է Բեկա Դավիթուլիանին։

Ինչ վերաբերում է Վրաստանի ռազմական ֆինանսավորման դադարեցմանը Եվրամիության կողմից, Դավիթուլիանին ասում է, որ այդ որոշումը վնաս է պատճառում ոչ միայն Վրաստանի կառավարությանը, այլեւ Արեւմուտքի շահերին։

«Վերջին մի քանի տարիներին Վրաստանը փորձում է միաժամանակ պաշտպանել սեփական շահերն ու շարունակել շարժվել դեպի Եվրամիություն, արեւմտյան ինստիտուտների ուղղությամբ։ Ցավոք,  ոմանք փորձում են թույլ չտալ դա եւ ուղիղ համամասնությամբ հետ են մղում Վրաստանի կողմից իր շահերի պաշտպանությունը՝ խանգարելով արեւմտյան ինստիտուտների հետ հարաբերությունների խորացմանը։

Մենք մեր ուղին ունենք։ Ափսոս, որ պաշտպանական բյուջեն կրճատում են եւ այդ միջոցները ցանկանում են փոխանցել քաղաքացիական հատվածին, իսկ որպես արդարացում նշում են ընդունված օրենքը։ Սակայն դա չի փոխի այս որոշումը։

Եթե որեւէ մեկը կարծում է, որ սա վնասում է միայն Վրաստանի կառավարությանը, դա սուտ է։ Դա վնասում է ոչ միայն Վրաստանի կառավարությանը, այլեւ Արեւմուտքի շահերին, որի համար Վրաստանը կարեւոր կետ է աշխարհաքաղաքական քարտեզի վրա։ Որքան շուտ նրանք սա հասկանան, այնքան լավ։ Ես համոզված եմ, որ վաղ թե ուշ նրանք դա կհասկանան»,- ասել է Բեկա Դավիթուլիանին։