Պերուում ավազաթմբի տակ հնագետները հայտնաբերել են 5000-ամյա ծիսական տաճարի ավերակներ և մարդկային կմախքների մնացորդներ, գրում է Live Science-ը։
Ըստ Պերուի մշակույթի նախարարության հայտարարության՝ Պերուի հյուսիս-արևմտյան Զանա (նաև՝ Սանյա) շրջանում գտնված տաճարը Լոս Պարեդոնես դե լա Օթրա Բանդա Լաս Անիմաս հնագիտական համալիրի մի մասն է։
Հնագետները հունիսի 3-ին սկսելով պեղումները՝ հայտնաբերել են այն, ինչ պահպանվել է բազմահարկ հինավուրց տաճարի պատերից։ Պատերի արանքում երեք մեծահասակների կմախքներ են հայտնաբերվել։
Դամբարանները, որոնք կտորի մեջ փաթաթված ընծաներ են պարունակում, վկայում են, որ դա կարող էր լինել զոհաբերության ծիսակարգի անցկացման վայր, գրում է Channel News Asia-ն։
«Մենք, ըստ երևույթին, գործ ունենք քարե պատերով պատված հնագիտական տարածքում 5000 տարվա հնության կրոնական համալիրի հետ», - ասում է «Ուկուպե-Զանյա հովտի մշակութային լանդշաֆտները» հնագիտական նախագծի տնօրեն Լուիս Արմանդո Մուրո Ինոնիանը: «Մենք ունենք կենտրոնական սանդուղքի պես մի բան, որը երևի տանում է կենտրոնական տարածքի յուրօրինակ բեմահարթակ»:
Պատերը զարդարված էին բարդ եզրազարդերով, որոնք պատկերում էին թռչնի գլխով, կատվի դիմագծերով և սողունների ճանկերով մարդու մարմին, իսկ պատերի վերին մասը բարակ սվաղով գեղատեսիլ ձևավորումներ ուներ։





























