Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները սկսել են դաշինքներ կազմել աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, հայտնում է Jam-news-ը։

Երեքշաբթի երեկոյան ընդդիմադիր «Ախալի», «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» և «Դրոա» կուսակցությունները հայտարարեԼ Են դաշինքում միավորվելու մասին։

Հանրապետական ​​կուսակցության առաջնորդ Խաթունա Սամնիձեն ասել է, որ իրենք նույնպես դիտարկում են այս դաշինքի հետ միավորվելու տարբերակը։

Նրանք չեն բացառում նաեւ ընդդիմադիր «Լելո»-ի միանալը իրենց։

Մինչ այս՝ երկուշաբթի օրը, Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը և «Ագմաշենեբելիի ռազմավարությունը» հայտարարեցին ընտրություններին մասնակցելու իրենց միավորման մասին. դաշինքը ընտրություններին կգնա հինգերորդ համարի ներքո՝ «Միասնություն» անունով։

Նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը, որքան հայտնի է, ոչ մեկի հետ չի միավորվում։ Դեռևս հայտնի չէ, թե արդյոք «եվրոպական Վրաստանը» կմիանա որևէ մեկին։

Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 26-ին եւ առաջին անգամ կանցկացվեն ամբողջությամբ համամասնական ընտրակարգով, ինչը մեծացնում է ընդդիմության շանսերը։