Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հերթական համապետական հանրահավաքը: Հարթակում են գտնվում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ընդդիմադիր ուժին անդամակցող մյուս կուսակցությունների ներկայացուցիչները:

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, եղանակն Ազատության հրապարակում բավական ցուրտ է:

Հանրահավաքի սկզբում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ 10 օր առաջ մահացել է ՀԺԿ քաղխորհրդի անդամ Սեդա Կարապետյանը: Այսօր նաեւ 2008 թ. մարտի 1-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի ծննդյան օրն է: Հանրահավաքի մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգել են նրանց հիշատակը:

ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանն ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր, որ հանրահավաքին ներկայացվելու են նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերը, որոնք կներկայացվեն որպես ամբողջական հռչակագիր: Մասնավորապես, այդ հռչակագրում ներկայացվելու են կատարված այն հանցագործությունները, որոնք կարող են գործող նախագահին իմփիչմենթ հայտարարելու հիմք հանդիսանալ:

Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսն այսօր ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որում նշել էր, թե ոստիկանությունը Արտաշատ, Աշտարակ, Արմավիր, Էջմիածին, Թալին, Աբովյան, Չարենցավան, Բաղրամյան, Հրազդան, Սիսիան, Սեւան, Եղվարդ, Գյումրի, Վանաձոր, Մասիս, Ապարան, Մարտունի քաղաքներում արգելում են միջքաղաքային տրանսպորտի, ինչպես նաեւ տաքսիների շարժը դեպի մայրաքաղաք: ՀԱԿ ներկայացուցիչները արձանագրել էին, թե ինչպես են ոստիկանները կանգնեցնում եւ ետ ուղարկում բոլոր միկրոավտոբուսները: