Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Մար-ա-Լագոյի կալվածքում (Ֆլորիդայի նահանգ) կհանդիպի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ ՆԱՏՕ գագաթաժողովից հետո։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Անցած շաբաթ Օրբանը մի քանի արտասահմանյան ուղեւորություններ է կատարել՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու նպատակով։ Հուլիսի 5-ին նա Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է խաղաղության բանակցություններ սկսելու հնարավոր պայմանները։ Դրանից երեք օր առաջ նա Կիեւում էր, որտեղ այդ մասին խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Կիեւից եւ Մոսկվայից հետո Օրբանը մեկնել է Պեկին եւ հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Կառավարության ղեկավարը հավաստիացրել է, որ մտադիր է շարունակել իր խաղաղարար առաքելությունը եւ, մասնավորապես, օգտագործել դրա համար Վաշինգտոնում ՆԱՏՕ գագաթաժողովին ներկա գտնվելը։

Գործակալության աղբյուրներից մեկն ընդգծել է, որ Թրամփն Օրբանին չի խնդրել որեւէ խաղաղության համաձայնագրի հիմք դնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ։

Գալիք հանդիպման այլ մանրամասները չեն բացահայտվում։