Ըստ նոր հետազոտության, մինչև 2100 թվականը ավելի քան 75 միլիոն մարդ հավանաբար կապրի այն վայրերում, որտեղ գետնաջրերը չափազանց տաք կլինեն խմելու համար: Կանխատեսվում է, որ գետնաջրերի ջերմաստիճանը մինչև դարի վերջ կբարձրանա 3,5 °C-ով, ինչը նշանակում է, որ այն կգերազանցի ցանկացած երկրի կողմից խմելու ջրի համար սահմանված ամենաբարձր շեմը: Հետազոտությունը հրապարակվել է Nature Geoscience ամսագրում:

Գետնաջրերը կարևոր նշանակություն ունեն Երկրի վրա կյանքի համար, և այդուհանդերձ համեմատաբար քիչ բան է հայտնի այն մասին, թե ինչպես են դրանք արձագանքում տարածության և ժամանակի մեջ կլիմայի փոփոխությանը, գրում է Planet Today-ը: Այն, ինչ մենք գիտենք, այն է, որ տաքանալուն զուգընթաց նրանք կգործեն որպես ջերմմության կլանիչ՝ կլանելով գլոբալ տաքացման հետևանքով առաջացած ավելորդ ջերմությունը:

Հասկանալու համար, թե դա ինչ տեսք կարող է ունենալ, Կարլսրուեի տեխնոլոգիական ինստիտուտի (KIT) հետազոտողները մոդելավորել են  գետնաջրերի ջերմաստիճանի կանխատեսվող փոփոխությունները ամբողջ մոլորակում մինչև 2100 թվականը: Ելնելով երկու կլիմայական սցենարից՝ SSP 2-4.5 և SSP 5-8.5, որոնք արտացոլում են տարբեր սոցիալ-տնտեսական զարգացման ուղիները  և ապագա ջերմոցային գազերի կոնցենտրացիաները, նրանք որոշել են, որ գետնաջրերի ջերմաստիճանը կբարձրանա 2,1°C կամ 3,5°C՝ կախված սցենարից:

Հետազոտության հեղինակ դոկտոր Սյուզան Բենցը, Քուինսլենդի տեխնոլոգիական ինստիտուտի Ֆոտոգրամետրիայի և հեռակառավարվող զոնդավորման ինստիտուտից, պարզաբանել է, որ աշխարհի որոշ շրջաններ ավելի սուր կզգան բռնկումը. Գետնաջրերի տաքացման ամենաբարձր տեմպերը աշխարհում պետք է սպասել այն վայրերում,որտեղ գետնաջրերը խորը չեն գտնվում և որտեղ մթնոլորտային տաքացումը բարձր մակարդակ ունի»:

Սա նշանակում է, որ աշխարհի միլիոնավոր մարդկանց համար գետնաջրերը  խմելու համար անպիտան կդառնան:

«Արդեն մոտ 30 միլիոն մարդ ապրում է այն տարածաշրջաններում, որտեղ գետնաջրերն ավելի տաք են, քան խմելու ջրի ամենախիստ ուղեցույցները,- նշել է Բենցը:-  Սա նշանակում է, որ առանց մաքրելու այնտեղ ջուր խմելը կարող է վտանգավոր լինել: Օրինակ, կարող է պահանջվել եռացնել խմելուց առաջ: Խմելու ջուրը նաև տաքանում է ջրատարներում՝ հողի ջերմության հաշվին։ Կախված սցենարից՝ մինչև 2100 թվականը կարող է տուժել մինչև մի քանի հարյուր միլիոն մարդ»։

Փաստորեն, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հաջորդ 76 տարիների ընթացքում 77-ից 188 միլիոն մարդ կարող է տուժել ըստ SSP 2-4.5 և 59-ից 588 միլիոն մարդ  ըստ SSP 5-8.5 սցենարի:

Արժե առանձին բացատրել, թե ինչ է  տեղի ունենում տաք ջրի հետ: Գետնաջրերի ջերմաստիճանը ազդում է մի շարք կենսաերկրաքիմիական գործընթացների վրա, որոնք, իրենց հերթին, ազդում են դրա որակի վրա։ Օրինակ, որոշակի պայմաններում գետնաջրերի ջերմաստիճանի բարձրացումը կարող է հանգեցնել այնպիսի վնասակար նյութերի խտության մեծացմանը, ինչպիսիք են մկնդեղը կամ մանգանը: Այս ավելի բարձր խտությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա, հատկապես, երբ գետնաջրերն օգտագործվում են խմելու համար:

Դա կարող է նաև նպաստել պաթոգենների աճին, ինչպիսին Legionella spp-ն է և ազդել էկոհամակարգերի, կենսաբազմազանության, ինչպես նաև ածխածնի և սննդանյութերի ցիկլերի վրա: Ընդհանուր առմամբ, սա լավ նորություն չէ մեզ կամ գետնաջրային համակարգերից կախված այլ օրգանիզմների համար։

«Մեր արդյունքները ցույց են տալիս, թե որքան կարևոր է քայլեր ձեռնարկել գետնաջրերը պաշտպանելու համար և երկարաժամկետ լուծումներ գտնել գետնաջրերի վրա կլիմայի փոփոխության բացասական ազդեցություններին հակազդելու համար»,- եզրափակել է Բենցը: