Հայ սպառողը հաճախ է տուժում անբարեխիղճ մրցակցության կամ մենաշնորհների կամայականությունների պատճառով: Կարագի անվան տակ սփրեդ են վաճառում, կամ անհիմն բարձրացնում են շաքարավազի գինը, սուպերմարկետում ժամկետանց ապրանք են վաճառում, կամ կեղծում են օղիների հատնի բրենդները: Այս ամենի պատճառով հայ սպառողը ոչ միայն նյութական, այլեւ առողջական ու բարոյական վնասներ է կրում: Պատկերացրեք` մարդը մտնում է «Երեւան Սիթի»` քեֆի համար մի որեւէ կարգին ռուսական արաղ գնելու: Տեսնում է մի էժան արաղ, որն իր անվանումով ու արտաքին տեսքով համարյա նույնանման է հայտնի «Խորտիցային»: Շփոթության մեջ ընկնելով` գնում է այդ կեղծ «Խորտիցան», որն իրականում «Ալեքս Գրիգի» տեղական անորակ օղին է, ու խայտառակ լինում հյուրերի առջեւ: Սա բարոյական վնաս է, բայց կարելի՞ է արդյոք դատական կարգով այն վիճարկել:

Ընդունված է համարել, որ այս խնդիրներով պետք է զբաղվի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Այսինքն` սպառողը պետք է ահազանգի հանձնաժողով, այնտեղ վարույթ  հարուցեն, այնուհետ տուգանեն անբարեխիղճ մրցակիցներին կամ գերիշխող դիրքը չարաշահողներին: Սակայն տուգանքն ամբողջությամբ գնում է պետական բյուջե, բայց չէ՞որ անբարեխիղճ մրցակցությունից տուժում է նաեւ սպառողը, ո՞վ պետք է նրան փոխհատուցի:

Այս հարցադրումը NEWS.am-ը բարձրացրեց նաեւ հանգստյան օրերին Աղվերանում մրցացության խնդիրներին նվիրված սեմինարի ընթացքում, որին մասնակցում էին նաեւ միջազգային փորձագետներ: ՏՄՊՊՀ-ի աշխատակազմի ղեկավար Տիգրան Խեչոյանը պատասխանեց, որ այո` հայկական օրենսդրությունը սպառողին հնարավորություն տալիս է դատական կարգով պահանջել վնասների փոխհատուցում: Ընդ որում` դատարան կարող են դիմել ոչ միայն սպառողները, այլեւ իրենց մրցակիցներից «տուժած» ընկերությունները: Այստեղ հնարավոր է 2 տարբերակ: Եթե ՏՄՊՊՀ-ն արդեն իսկ տվյալ հարցի վերաբերյալ ունի վարույթ ու եզրակացություն այն մասին, որ մրցակցությունն իրոք խախտվել է, ապա սպառողը պարզապես դատարանին պետք է ապացուցի, թե որքա՞ն է իր վնասը: Եթե դատարան են դիմում այնպիսի հայցով, որի վերաբերյալ ՏՄՊՊՀ-ն դեռեւս եզրակացություն չի հրապարակել, ապա սպառողը պետք է ինքնուրույն ապացուցի դատարանին, թե ինչո՞ւ է տվյալ իրավախախտումը հանդիսանում անբարեխիղճ մրցակցություն կամ գերիշխող դիրքի չարաշահում, որից հետո էլ պետք է հիմնավորի, թե ինչ վնասներ է կրել: 

Եթե վերադառնանք «Խորտիցայի» օրինակին, ապա այստեղ արդեն առկա է ՏՄՊՊՀ-ի եզրակացությունն այն մասին, որ «Ալեքս Գրիգը» ապօրինի օգտագործել է այլ ֆիրմայի անվանումն ու տարբերանշանները (շփոթության աստիճան նմանակել է), ինչը կարող է սպառողին մոլորության մեջ գցել: Այսինքն` ցանկացած հայ քաղաքացի կարող է մտնել «Երեւան Սիթի» սուպերմարկետ, գնել 1 հատ կեղծ «Խորտիցա» ու դատի տալ հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ընկերությանը: Դժվար է ասել, թե դատական գործընթացն ինչպես կընթանա, քանի որ նման նախադեպ չունենք:

Միջազգային փորձագետ, Լիտվայի մրցակցային հանձնաժողովի նախկին նախագահ Շարունաս Կեզերաուսկասն ասաց, որ նման հարցերում եվրոպական օրենսդրությունը նույնպես կատարյալ չէ: Երբ ղեկավարում էր Լիտվայի հանձնաժողովը` ընդամենը 3 դեպք է հիշում, երբ վնասների փոխհատուցման հայցով դիմել են դատարան: Սակայն դրանք սպառողներ չէին, այլ ընկերություններ, որոնք բողոքում էին այլ ընկերություններից:

Ըստ Եվրամիության Արդարադատության նախարարության հրապարակման` Եվրոպայում տուժած անձանց չստացված փոխհատուցման գոմարը տարեկան հասնում է մի քանի միլիարդ եվրոյի: Նշենք, որ ԱՄՆ-ում, ըստ Շերմանի օրենքի, տուժածներին տրվում է փոխհատուցում` կրած վնասի եռապատիկի չափով:

Սամվել Ավագյան