Այս պահի դրությամբ թվով 10 մանկապարտեզներ գտնվում են հիմնանորոգման փուլում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Հավելյալ մսուրային խմբերի ավելացում ենք նախատեսում պլանավորում իրականացնել եւ մանկապարտեզներում նախատեսում ենք երկարօրյա ծառայություն, որը կօգնի աշխատող ծնողներին:
Առանձնացվել են եւս 9 դպրոցներ, որտեղ դիտարկելու ենք նախակրթարաններ գործարկելու հնարավորությունները»,-ասաց նա:
Անդրադառնալով կոմունալ ծառայություններին, Ավինյանն ասաց, որ այս տարի նախատեսել են 500 վերելակի փոխարինում ըստ խնդրահարույց հասցեների. «Սա շարունակաբար իրականացնում ենք, այս տարի բացառապես Երեւանի բյուջեով են իրականացվում այս ծրագրերը: Մենք Երեւանի բյուջեի սեփական եկամուտները 39 մլրդ-ից հասցրել ենք 64 մլրդ-ի, որը թույլ է տալիս բազմածաված ծրագրերն իրականացնել:
Աղբահանության ոլորտում ունեցել ենք խնդիրներ այս սեզոնի հետ կապված եւ գրեթե ամեն տարի այս սեզոնին խնդիրներն առկա են: Ախտորոշել ենք խնդիրները, ձեռք ենք բերել 8 նոր տեխնիկա, 9 շարժիչներ, որոնք պետք է նախկինում խոտանված տեխնիկայի վրա տեղադրվեն: Օգոստոսին սպասում ենք եւս 6 չինական աղբատար մեքենաներ: Մոտ ապագայում այս խնդիրը լուծված կլինի»:



























