Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ԵՄ Թվինինգ ծրագրի հետ համատեղ Աղվերանում կլոր սեղան է կզմակերպել` նվիրված Հայաստանում մրցակցային խնդիրներին եւ դրանց հետ կապված սպառողների շահերի պաշտպանությանը:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն իր խոսքում նշել է, որ  օրինախախտ տնտեսվարողների հանդեպ Հանձնաժողովի կողմից կիրառվող տուգանքներն ինքնանպատակ չեն: «Մեր հիմնական նպատակը տվյալ իրավախախտման վերացումն է, ինչի հարցում հետեւողական ենք: Բազմաթիվ դեպքերում հենց վարույթի իրականացման ընթացքում արդեն իսկ արձանագրել ենք, որ իրավախախտումն ամբողջությամբ վերացվել է եւ սպառողների իրավունքները վերականգնվել են»:

Ինչ վերաբերում է օրենքի տարբեր խախտումների համար Հանձնաժողովի կողմից կիրառվող տուգանքներին, Շաբոյանը նկատել է, որ բացի տուգանքների չափից, տնտեսվարողների համար առավել անհանգստացնող է նաեւ այն, որ վնասվում է իրենց ընկերության վարկանիշը, ինչի հետեւանքով արժանանում են սպառողների անվստահությանը: 

Կլոր սեղան-քննարկման ընթացքում բացման ելույթով հանդես է եկել   Հայաստանում ԵՄ Պատվիրակության Գործառնական բաժնի ղեկավար պրն Ժան Քրիստոֆ Գերանդը: Նա շեշտել է, որ մրցակցությունը հանդիսանում է ռեսուրսների օպտիմալ բաշխումը եւ, հետեւաբար,  օպտիմալ արտադրողականությունը երաշխավորող ամենաարդյունավետ գործիքը: «Մրցակցությունը նպաստում է եկամուտների ավելի լավ բաշխմանը, քանի որ այն պարգեւատրում է առավել արդյունավետ աշխատող մարդկանց` միեւնույն ժամանակ կանխելով մշտապես չվերահսկվող տնտեսական իշխանության ձեւավորումը»:

ԵՄ թվինինգ ծրագրի փորձագետ պրն Շարունաս Կեզերաուսկասը, ով ղեկավարում է Լիտվայի մրցակացային մարմինը, ներկայացրել է, թե ինչ միջոցառումներ են իրականացվում ԵՄ-ում գերիշխող դիրքի չարաշահման արգելման  եւ միաձուլումների վերահսկողության առումով: Նա լրագրողներին եւ մյուս մասնակիցներին տեղեկացրեց ԵՄ մրցակցության հարցերով գլխավոր տնօրինության` տարբեր ժամանակահատվածներում կայացրած երեք առանձին վարույթների, մասնավորապես հանրահայտ «Մայքրոսոֆտ» (Microsoft), «Ինտել» (Intel) եւ Լեհաստանի հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող ՏՊՍԱ (Telekomunikacja Polska S.A.) ընկերության գործերի մասին: Պրն Կեզերաուսկասը իր ելույթում անդրադառնալով գերիշխող դիրքին եւ դրա չարաշահմանը, ընդգծել է, որ գերիշխող դիրքը չի արգելվում, արգելվում է դրա չարաշահումը:

Գերմանիայից ժամանած փորձագետ Սաբինե Զիգելսկին,  ով հանդիսանում է Գերմանիայի Բունդեսկարտելամտի (Մրցակցային մարմին) ավագ վարույթ իրականացնող, լրագրողներին տեղեկացրել է նաեւ, թե որքանով են մրցակցային խնդիրները  բացասաբար անդրադառնում սպառողների շահերի վրա, ինչպես նաեւ ներկայացրել է ԵՄ անդամ երկրներում գործող վնասների փոխհատուցման տեսակները:

Միջոցառումն անցել է լրագրողների ակտիվ մասնակցությամբ, քանի որ նրանց հետ միասին փորձագետները քննարկել են նաեւ ՏՄՊՊՀ-ի կողմից ուսումնասիրված երկու գործեր, որոնցից մեկը վերաբերում էր հեռահաղորդակցության եւ ինտերնետ կապի ոլորտում գործող Յուքոմ ընկերությանը, իսկ մյուսը` Հայաստանի էլեկտրական ցանցերին: Երկու դեպքում էլ տեղի էր ունեցել իրավախախտում, որի արդյունքնում սահմանափակվել էին սպառողների իրավունքները, եւ վերջիններս տեւական ժամանակ վնաս էին կրել: ՏՄՊՊՀ միջամտության շնորհիվ, արդեն իսկ վարույթի իրականցման ընթացքում վերականգնվել էին տուժողների իրավունքները, իսկ վարույթի ավարտին խնդիրն արդեն ամբողջությամբ լուծված էր: 

Նշենք, որ մրցակցությանն ու պետական օժանդակությանն առնչվող  Թվինինգ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Ֆինանսավորումը կազմում է 1.1 միլիոն եվրո: Ծրագիրն իրականացում են ՏՄՊՊՀ-ը եւ ԵՄ երկու անդամ երկրների` Գերմանիայի էկոնոմիկայի եւ տեխնոլոգիայի դաշնային նախարարությունը եւ Լիտվայի մրցակցության խորհուրդը համատեղ՝  2011-2013 թվականներին: