Թեեւ Հայաստանը զբոսաշրջիկների շրջանում հետաքրքրություն է ներկայացնում, սակայն դեպի Հայաստան զբոսաշրջային փաթեթները դեռեւս թանկ են տարածաշրջանի մյուս զբոսաշրջային կենտրոնների համեմատ: Այդ մասին այսօր` նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նոյան տուր» զբոսաշրջային գործակալության տնօրենի տեղակալ Սոֆի Սարգսյանը: Նրա տեղեկացմամբ` զբոսաշրջիկներին հետաքրքրում է ֆոլկլորը, հայկական ընտանիքի կենցաղավարությունը, հայկական խոհանոցը, հրաշալի բնությունը, ճարտարապետությունը եւ պատմությունը:
Սակայն, ըստ գործարարի, տուրփաթեթները բավական թանկ են: Օրինակ` սկսվում է լեռնադահուկային սեզոնը, եւ Հայաստան են ժամանում բազմաթիվ զբոսաշրջիկներ, հիմնականում Ռուսաստանից: Սակայն 1 շաբաթյա տուր փաթեթը 2 հոգու համար 1000 դոլար է, այնինչ Վրաստանում կարելի է փաթեթ վերցնել մոտ 600 դոլարով: Էժան են նաեւ թուրքական առաջարկները: Ըստ Ս. Սարգսյանի` թանկության հիմնական պատճառը հյուրանոցներն են ու սնունդը:
«Ռումեա» ընկերության նախագահ Ռուբեն Գրիգորյանի` զբոսաշրջության զարգացմանը խանգարում է նաեւ մտածելակերպը: «Սիրում ենք ասել, թե հյուրասեր ազգ ենք, սակայն թիվ մեկ խնդիրը կրթությունն է»,- նշեց Ռ. Գրիգորյանը: հաջորդ խոչընդոտը, նրա խոսքով, աչ բավարար ենթակառուցվածքներն են: Հայաստանում նախընտրում են 4-5 աստղանի թանկարժեք հյորանոցներ կառուցել, այնինչ զբոսաշրջիկը նախընտրում է պարզ, հասարակ ու մատչելի գին ունեցող համարներ: Ճանապարհներին խնդիր է առաջանում նաեւ սանհանգույցների հետ կապված, ուստի Ռ. Գրիգորյանի կարծիքով` պետությունը պետք է ստիպի բենզալցակայաններին պատշաճ սանհանգույց ունենալ:
Թեեւ խոչընդոտներին, ըստ Ռ. Գրիգորյանի, Հայաստանում նկատվում է զբոսաշրջության ակտիվացում: Եթե նախորդ տարիներին հոկտեմբերին արդեն զբոսաշրջային սեզոնն ավարտվում էր, ապա այս տարի` նոյեմբերի դրությամբ դեռեւս հյուրանոցները լեփ լեցուն էին:




























