Գերմանական Սաքսոնիայի քաղաքներից մեկում ոստիկանությունն արդեն մի քանի անգամ ահազանգ է ստացել ձագուկներով կարապների զույգի պատճառով, որոնք «արգելափակում» են երթևեկությունը բանուկ  փողոցներում, գրում է Spiegel-ը։

Սաքսոնական Լիմբախ-Օբերֆրոնա քաղաքում հինգ ձագերով կարապների զույգն արդեն բազմիցս հայտնվել է ճանապարհների բանուկ տեղամասերում և չի շտապել հեռանալ, ինչից հետո նյարդայնացած վարորդները ոստիկանություն են կանչել։

Ոստիկանությունից հայտնել են, որ կարապների ընտանիքն ապրում է քաղաքի այս հատվածում գտնվող լճում, որտեղ լավ պայմաններ ունի, սակայն այնտեղից դուրս գալով՝ զբոսնում է ողջ տարածքում՝ խնդիրներ ստեղծելով մարդկանց համար։

Բոլոր դեպքերում կարապներին նրբանկատորեն և համառորեն «ուղեկցել են» իրենց հայրենի լճի ուղղությամբ։

Եթե ​​մոտ ապագայում նրանք չփոխեն քաղաքում շրջելու իրենց սովորությունը, ապա քննարկվում է կարապների ընտանիքը որսալու և քաղաքից հեռու այլ վայր տեղափոխելու տարբերակը։