Գործարար Անդրեյ Սմոլդիրյովի՝ 2003թ. Ուսսուրիյսկում կատարված սպանության վերջնական մեղադրանք է ներկայացվել 44-ամյա Դմիտրի Մախնենկոյին, տեղեկացրել է ՌԴ Պրիմորիեի Քննչական կոմիտեն, հայտնել է «Կոմերսանտը»։

Քննության վարկածով՝ գործարարներ Արման Հայրապետյանի եւ Անդրեյ Սմոլդիրյովի միջեւ 2003թ. վեճ է ծագել Ուսսուրիյսկում հողամասի վարձակալման իրավունքի համար։ Հակառակ կողմից զիջումների հասնել չկարողանալով՝ Հայրապետյանը, կարծում են քննիչները, որոշել է վերացնել նրան։ Այդ նպատակով նա Մախնենկոյին ներգրավել եւ նրան է տվել ինքնաշեն ատրճանակ խլացուցիչով։ 2003թ. հոկտեմբերի 30-ին Դմիտրի Մախնենկոն դիմակով սպասել է, երբ Անդրեյ Սմոլդիրյովը դուրս է եկել քաղաքային վարչության շենքից, հասել ու սպանել է նրան՝ կատարելով մոտ յոթ կրակոց։ Սպանության վայրից Մախնենոկն փախել է ավտոմեքենայով, որը վարում էր նրա հանցակից Դմիտրի Գագարինը։

Քննության ներկայացուցիչը «Կոմերսանտին» ասել է, որ Մախնենկոն չի ստացել վճար սպանության համար, այլ հանցագործության է գնացել է, քանի որ «մոտ էր Հայրապետյանին»։

Արման Հայրապետյանը եւ Դմիտրի Գագարինը ձերբակալվել են 2013թ., իսկ հինգ տարի անց Ուսսուրիյսկի շրջանային դատարանը երկուսին դատապարտել է սպանությանն օժանդակելու համար (ՌԴ ՔՕ 105 հոդվածի 1-ին մաս, 33 հոդվածի 5-րդ մաս) յոթ տարվա բանտարկության խիստ ռեժիմի գաղութում։ Երկու դատապարտյալները չեն ընդունել մեղքը։

Դմիտրի Մախնենկոյին հաջողվել է ավելի քան քսան տարի թաքնվել քննությունից, բայց ընթացիկ տարվա ապրիլի 1-ին նա ձերբակալվել է Խաբարովսկում։ «Ներկայում նրան ներկայացվել է վերջնական մեղադրանք, եւ առաջիկայում պաշտպանության կողմին կներկայացվի քրեական գործի նյութերին ծանոթանալու հնարավորություն»,- նշվել է քննության հաղորդման մեջ։