Նիդեռլանդացի հետազոտողների խումբը ներկայացրել է օրգանական նյութ, որն ունի ինքնավերականգնման յուրատեսակ հատկություն, սա մեծ առաջընթաց կարող է ապահովել կենսանյութերի ստեղծման ոլորտում, գրել է Horizon ամսագիրը։
Նոր նյութը բարդ կոմպոզիտ է, որի հիմքում սնկային բջիջների եւ փայտանյութի սինթեզն է։ Հիմնական բաղադրիչներչն են հիդրոգելը եւ միցելիումը՝ սնկերի համակարգ, որը սովորաբար թաքնված է հողի մակերեսին, գրել է Planet Today-ը։
Հետազոտողները հատուկ ուշադրություն են դարձրել սնկային բջիջների՝ լայն սենսորային ցանցեր ստեղծելու ունակությանը։ Այդ առանձնահատկությունը լայն հեռանկարներ է բացում նոր նյութը տարբեր ոլորտներում կիրառելու համար։
Գիտնականները մշակել են 3D-տպիչի հատուկ տեխնոլոգիա եւ թանաք՝ հարմարեցված կենդանի օրգանիզմների հետ աշխատելու համար։
Նյութը մեծ հետաքրքրություն է ներկայացնում աերոտիեզերական եւ ավտոտրանսպորտի արդյունաբերության համար, որտեղ կարեւոր է կրիտիկական կառուցվածքների երկարակեցությունը։ Նյութի ինքնավերականգնման հատկությունը կարող է բարձրացնել տարբեր բաղադրիչների ծառայության ժամկետը եւ նվազեցնել սպասարկման ծախսերը։
Նիդեռլանդացի գիտնականների հետազոտությունը ցուցադրում է կենսատեխնոլոգիաների աճող դերը նոր նյութերի ստեղծման գործում։ Կենդանի օրգանիզմների եւ ավանդական բաղադրիչների համադրումը ճանապարհ է բացում «խելացի» նյութերի համար, որոնք կարող են հարմարվել շրջակա միջավայրի փոփոխություններին եւ վերականգնվել վնասվածքներից հետո։





























