Երեւանում, դեկտեմբերի 2-ին, տեղի կունենա քննարկում` նվիրված հայաստանյան կուսակցությունների կողմից առաջադրվող կին-թեկնածուների մասնակցության բարձրացման խնդրին: Միջոցառումը կազմակերպվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի /ԺՀՄԻԳ, Վարշավա/ համատեղ ջանքերով:
Միջոցառմանը հրավիրված են մասնակցելու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, ընտրարշավների պատասխանատուներ եւ այլ որոշում կայացնող անձիք: ԺՀՄԻԳ-ի ու ՄԱԿ-ի բնակչության ֆոնդի ներկայացուցիչները կներկայացնեն ընտրություններում եւ հասարակական կյանքում գենդերային հավասարության հարցերին առնչվող ուսումնասիրությունների արդյունքները:
Կլոր սեղանին կհաջորդի երկօրյա ուսուցողական ծրագիր 7 քաղաքական կուսակցություններից մոտ 30 կին ներկայացուցիչների համար: Սեմինարի ընթացքում կքննարկվեն արդյունավետ ընտրարշավների կազմակերպման մեթոդները, առաջնորդի հմտությունները եւ լրատվամիջոցների հետ աշխատանքը:
Կլոր սեղանի քննարկումները կվարեն ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆսթրան եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ծրագրերի պատասխանատու Դիանա Դիգոլը:




























