«Արմֆուդ» կաթնամթերք արտադրող ընկերության ներկայացուցիչներն, ովքեր այսօր` դեկտեմբերի 1-ին, հանդիպեցին լրագրողների հետ, կիսատ թողեցին ասուլիսը` տհաճ հարցերից խուսափելու համար:
Մամուլի ասուլիսին ներկայացել էին «Էյ-Էս-Բի սոֆտ» ընկերության (որին էլ պատկանում է «Արմֆուդ» ապրանքանիշը) տնօրեն Բորիս Սողոմոնյանը եւ «Լեւ Գրուփ» իրավաբանական ընկերության տնօրեն Լեւոն Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նոյեմբերին կասեցրել է «Արմֆուդ» կաթնամթերքի արտադրությունը` այծի կաթում մանրէաբանական նորմաների խախտման եւ արտադրության ոչ պատշաճ պայմանների համար:
Պետք է նշել, որ ասուլիսը բավական տարօրինակ սկիզբ, ընթացք եւ վերջաբան ունեցավ: Նախ` իրավաբանական ընկերության ներկայացուցիչը ընթերցեց մի հայտարարություն, որը տպագիր ստորագրված էր արտադրող ընկերության տնօրեն Բ. Սողոմոնյանի անունով: Անհասկանալի էր, թե ինչու հայտարարության տակ ստորագրողն ինքը չի ընթերցում այն, թեեւ եկել է ասուլիսի: Այնուհետ Լ. Բաղդասարյանը, որը ոչ առանց հիմքի համարվում է Հայաստանի լավագույն իրավաբաններից մեկը, ամեն ինչ արեց, որպեսզի տնօրենը խուսափի լրագրողների հարցերին պատասխանելուց: Իսկ այնուհետ ուղղակի դադարեցրեց ասուլիսը` տհաճ հարցերից խուսափելու համար, սակայն այն պատճառաբանությամբ, թե ուշանում է, թեեւ ասուլիսից 20-25 րոպե էր անցել:
Հարկ է նշել, որ եւ իրավաբանը, եւ արտադրողն ընդունեցին, որ կաթնամթերքի արտադրության ընթացքում թույլ են տվել խախտումներ, օրինակ` չունեն մածուն կամ կաթնաշոռ արտադրելու համար սերտիֆիկատ, չունեն լաբորատորիա եւ այլն: Բայց կտրականապես հերքեցին, թե իրենց այծի կաթում ստաֆիլակոկ է հայտնաբերվել: Սակայն հիշեցնենք, որ սննդի անվտանգության տեսչությունը նշում էր աղիքային ցուպիկի եւ ՄԱՖԱՄ-ի (աղտոտվածության նորմա) մասին: Այն հարցին, թե արդյո՞ք այս շեղումները նույնպես հերքում են, ասուլիսի մասնակիցները խուսափողական պատասխան տվեցին:
Իրավաբան Լ. Բաղդասարյանը նաեւ ներկայացրեց 2 լաբորատոր եզրակացություն, որոնցից մեկում աղիքային ցուպիկի եւ աղտոտվածության ցուցանիշը առկա էր, իսկ մյուսում ամեն ինչ նորմալ էր: Այդ «նորմալ» եզրակացությունը տրված էր առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն»-ից: Երկու փորձաքննություններում էլ ստաֆիկակոկ չէր հայտնաբերված, ու այս առումով գյուղնախարարության հայտարարությունը իրականությանն իսկապես չի համապատասխանում: Սակայն դա դեռ չի նշանակում, թե սույն կաթնամթերքն իսկապես անվտանգ է: Ընդհակառակը` լրագրողներս արտադրված կաթնամթերքի անվտանգության ոչ մի պատշաճ հավաստիացում չստացանք: Այդ դեպքում հարց է առաջանում` ինչո՞ւ պետք է թույլատրվի դրա արտադրությունը, եթե բազմաթիվ մարդկանց առողջությունը վտանգի տակ է:
«Արմֆուդ» ընկերությունը, փոխանակ արտադրության պայմանները բարելավելու ուղղությամբ քայլեր ձեռնարկի, անիմաստ դատական քաշքշուկներ է ձեռնարկել, որը հազիվ թե նպաստի այդ ապրանքանիշի շուկայական առաջխաղացմանը:
Նշեննք, որ Հրազդանում գտնվող այդ ձեռնարկությունը արտադրության փոքր ծավալներ ունի, իսկ իրացումը հիմնականում կատարվում է մարզերում:
Սամվել Ավագյան



























