«Արմֆուդի» կաթը դառնահամ էր, ինչն էլ պատճառ է հանդիսացել ստուգումներ եւ հետազոտություններ անելու համար: Այսօր` նոյեմբերի 30-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը: Քաղաքացին, որի անունը չհրապարակվեց, նախ բողոքով դիմել է «Երեւան Սիթի» սուպերմարկետին, որտեղից ձեռք էր բերել կաթը, այնուհետ լսելով, որ մյուս քաղաքացիները նույնպես դժգոհում են նույն ախտանիշից, դիմել է սննդի անվտանգության տեսչությանը:

Հիշեցնենք, որ «Արմֆուդ» ընկերության սեփականատեր Բորիս Սողոմոնյանը մամուլով հաղորդագրություն է տարածել այն մասին, որ գյուղնախարարությւան սննդի անվտանգության տեսչությունը իր ընկերության նկատմամբ «շինծու» գործ է սարքում:

Բաբկեն Պիպոյանի խոսքով, «Արմֆուդ» ընկերությունը մի շարք խախտումներ է կատարել. արտադրամասի տարածքը եղել է անբարեկարգ, չի ունեցել նախամուտք, չունի լաբորատորիա եւ պայմանագիր այլ լաբորատորիաների հետ, աշխատակիցները չունեն սանգրքույկ եւ բուժզննում չեն անցնում, մյուս արտադրատեսակները թողարկվում են առանց սերտիֆիկատի եւ այլն:

Լաբորատոր ստուգումները բացահայտել են, որ արտադրված կաթնամթերքում առկա են աղիքային ցուպիկներ եւ բարձր աղտոտվածություն: Ինչ վերաբերում է այն հարցին, որ ըստ արտադրողի` մյուս լաբորատորիաներում կաթի որակի ստուգումները բացասական արդյունքներ չեն տալիս, Բ. Պիպոյանն ասաց, որ այդ լաբորատորիաների անունները հրապարակված չեն:

Բ. Պիպոյանի խոսքով, եթե «Արմֆուդը» վերացնի խախտումները, ապա իրենք առաջինն այդ մասին կբարձրաձայնեն ու կնպաստեն նրանց վարկանիշի վերականգնմանը: