Հնարավոր է տարածաշրջանում Հայաստանը դառնա միակ կղզին, որը Ռուսաստանի դեմ հայտարարություներ է անում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ, APRI գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը՝ խոսելով Վրաստանում սպասվող ընտրությունների եւ դրանց հետեւանքով Հայաստանում քաղաքականության փոփոխությունների մասին:
«Փաշինյանի քայլերն ու հայտարարությունները ես գնահատում եմ հակասական, քանի որ Հայաստանը հայտարարում է, որ կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, միեւնույն ժամանակ Հայաստանը հայտարարում է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիք է ՀՀ գոյության եւ անվտանգության համար, բայց ԵԱՏՄ-ից դուրս չենք գա, միեւնույն ժամանակ ԵՄ-ի անդամակցության օրակարգը պատրաստ ենք սառեցնել: Այս հայտարարությունները հակասում են իրար օրինակ Ռուսաստանի ուղղությամբ, որովհետեւ կարեւոր է հիշել, որ Ռուսաստանից շատ պարզ մեսիջ հնչեց, որ դժվար կլինի տարանջատել երկկողմանի զարգացումը ընդհանուր Հայաստան- Ռուսաստան հարաբերություններից: Ռուսաստանը սրանով փաստացի ասում է, որ դժվար կլինի դուրս գալ ՀԱՊԿ-ից, վատացնել Հայաստան- Ռուսաստան հարաբերությունները ռազմատեխնիկական ոլորտում եւ վստահ լինել, որ տնտեսական հարցերում ոչ մի բան չի փոխվում: Եթե Հայաստանը որոշում է փոխել իր մոտեցումը Ռուսաստանի հանդեպ, չես կարող ընդհանրապես մեկ բաղադրիչով սահմանափակվել: Երկրորդ՝ երբ որ հայտարարություն է հնչում՝ եկեք սպասենք ԵՄ անդամակցության հետ կապված , դա նշանակում է, որ Հայաստանը չի փոխել իր որոշումը արտաքին քաղաքականության այս ուղղությամբ, բայց շատ կարեւոր է սպասել՝ ինչպես կավարտվեն ընտրությունները Վրաստանում: Ինչու, եթե Վրաստանում փաստացի հաղթի իշխող կուսակցությունը, որը պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսությանը, այլ ոչ թե դիմադրել Ռուսաստանին, երկրորդ ճակատ բացել, այլ պատրաստ է երկխոսության, որպեսզի Աբխազիան եւ Հարավային Օսեթիան ինչ-որ մի ձեւ հետ բերել»,- նշեց նա:
Միջազգայնագետի կարծիքով՝ այդ առումով Հայաստանը փաստացի շրջափակված կլինի այն երկրներով, որոնք պատրաստ են զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, այլ ոչ թե վատացնել:
«Վրաստանը պատրաստ է լավացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ, Թուրքիան պատրաստ է լավացնել, որովհետեւ շահագրգռված է, որ ՌԴ-ն ներդրումներ անի Թուրքիայում, որպեսզի նա դառնաը հիմնական հաբը տարածաշրջանում, Ադրբեջանը հայտարարեց, որ ինքը շատ բարձր է գնահատում իր դիրքը ԵՄ-Ռուսաստան հարաբերություններում, իսկ Իրանն ու ՌԴ-ն պատրաստվում են կնքել ամենաբարձր մակարդակով երկկողմանի պայմանագիր: Հետեւաբար, Հայաստանը մնում է միակ կղզին, որը դժվար թե բերի ամենալավ հաջողությունների արտաքին քաղաքականության ոլորտում»,- հավելեց նա:





























