Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաք Մումբայոմ տեղատարափ անձրեւները հեղեղումներ են առաջացրել, զոհվել է 4 մարդ, քաղաքը կաթվածահար է, դպրոցները փակ են, տեղեկացրել է Reuters-ը։

Չորեքշաբթի երեկոյան Մումբայի որոշ շրջաններում տեղացել է 275 միլիմետր անձրեւ, ինչը դժվարացրել է ճանապարհային երթեւեկությունը եւ կանգնեցրել գնացքները, որոնցից ամեն օր օգտվում են միլիոնավոր քաղաքացիներ։

Պաշտոնական անձանց խոսքով՝ 4 մարդ զոհվել է միջադեպերի հետեւանքով՝ կապված անձրեւի հետ։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չեղարկել է ուղեւորությունը Պունա քաղաք, որը գտնվում է Մումբայից 200 կիլոմետր հեռու, այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարել են կարմիր տագնապ։

Մումբայում սպասվում է անձրեւի ուժեղացում, ուստի իշխանությունները հայտարարել են կարմիր տագնապ ողջ քաղաքում եւ բնակիչներին կոչ են արել մնալ տներում։ Դպրոցները եւ քոլեջները փակ են, ձկնորսներին խնդրել են մինչեւ ուրբաթ ծով դուրս չգալ։