Առնվազն 46 մարդ խեղդվել է, որոնցից շատերը երեխաներ հնդկական կրոնական տոնի ժամանակ գետերում և լճակներում լողալիս: Այդ կրոնական տոնը Հնդկաստանի հյուսիսում նշել են միլիոնավոր մարդիկ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Զոհվածների թվում են 37 երեխա և յոթ կին, որոնք խեղդվել են չորեքշաբթի արևելյան Բիհար նահանգի 15 շրջաններում բազմաթիվ միջադեպերի հետևանքով: Դրա մասին հայտնել են նահանգի աղետների կառավարման վարչությունից: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի պատճառով նահանգի որոշ գետեր և լճակներ դուրս են եկել ափերից։
Հավատացյալները նշում էին ամենամյա Ջիվիթպատրիկա Վրատ փառատոնը, որի ընթացքում կանայք 24 ժամ ծոմ են պահում և աղոթում իրենց երեխաների բարօրության համար: Նրանք միաժամանակ շրջագայություններ են անում մոտակա գետեր և լճակներ՝ լողալու, երբեմն երեխաների ուղեկցությամբ։
Նահանգի կառավարությունը խոստացել է յուրաքանչյուր զոհի ընտանիքին 400 հազար ռուփի (4784 դոլար) փոխհատուցում տրամադրել։





























