Նեպալում հեղեղումների զոհերի թիվը հասել է 192-ի, մոտ 30 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին, հղում կատարելով ոստիկանությանը, տեղեկացրել է The New Indian Express թերթը։

Մինչ այդ տեղեկացվել էր 148 զոհի մասին։

Եվս 94 մարդ ամբողջ երկրում վիրավորվել է տարերային աղետի հետեւանքով։ Երկուշաբթի գիշեր փրկարարները հանել են 14 մարմին երկու ավտոբուսներից, որոնք գնում էին Կատմանդու, երբ մնացել են սողանքի տակ։ 23 զոհ հայտնաբերվել է մեքենաներում, որոնք ընթանում էին նույն ճանապարհով։

Չդադարող անձրեւները անցած ուրբաթ օրվանից հեղեղումներ եւ սողանքներ են առաջացրել հանրապետությունում։ Կիրակի երեք ավտոմայրուղիներ, որոնք տանում են Կատմանդու, փակվել են լեռնաքարերի հոսքից։ Հանգստյան օրերի ավարտին Նեպալում եղանակը լավացել է, սկսվել են վերականգնողական աշխատանքները։