Telegram մեսենջերը դարձել է շատ երկրներում իրավապահների համար հանցագործներին բռնելու անփոխարինելի օգնական։ Դրա մասին կիրակի հայտնել է The Wall Street Journal-ը:

Ըստ պարբերականի՝ մեսենջերը դարձել է հանցագործների «որսի տարածք»։ Նախկին իրավապահները նշում են, որ Telegram-ը հանցագործներին բռնելու համար «անփոխարինելի գործիք» է դարձել։

The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալները, նշում է, որ վերջին հինգ տարվա ընթացքում ամերիկյան իշխանությունները տասնյակ հանցագործների են ենթարկել պատասխանատվության՝ օգտագործելով մեսենջերում հրապարակված հաղորդագրությունները։ «Հազիվ թե գտնվի սոցիալական ցանցի մեկ հավելված, որը հանցագործները չօգտագործեն, սակայն Telegram-ը ձգտում է հնարավորինս սահմանափակել իր հարթակի չարաշահումները»,- ըստ պարբերականի՝նշում է Telegram-ի ներկայացուցիչ Միխայիլ Ռավդոնիկասը։

Ավելի վաղ մեսենջերի համահիմնադիր Պավել Դուրովը հայտնել էր, որ Telegram-ի օգտատերերի թվի կտրուկ աճը խնդիրներ է առաջացրել, որոնք հանցագործներին դրդել են  չարաշահել հարթակը։