Վիետնամի հարավի կենդանաբանական այգիներում թռչնագրիպի H5N1 վիրուսի պատճառով կոտորվել են քառասունյոթ վագրեր, երեք առյուծներ և մեկ հովազ։
Կենդանիների մահը գրանցվել է օգոստոսին և սեպտեմբերին Լոնգ Ան նահանգի մասնավոր My Quynh սաֆարի զբոսայգում և Հոշիմին քաղաքի մոտակայքի Վուոն Հոայ կենդանաբանական այգում, հաղորդում է Վիետնամի լրատվական գործակալությունը (VNA):
Կենդանիների առողջության ախտորոշման ազգային կենտրոնի անցկացրած հետազոտության տվյալներով՝ կենդանիները սատկել են «H5N1 տիպի A վիրուսի պատճառով»։
Ըստ VNA-ի հաղորդագրության՝ կենդանիների հետ սերտ կապի մեջ գտնվող կենդանաբանական այգու աշխատակիցներից ոչ մեկը շնչառական հիվանդության ախտանշաններ չի ունեցել։
Վայրի բնության պահպանության Education for Nature Vietnam հասարակական կազմակերպությունից հայտնել են, որ 2023 թվականի վերջին Վիետնամում ընդհանուր առմամբ անազատության մեջ 385 վագր է եղել: Մոտ 310 առանձյնակներ պահվում են 16 մասնավոր տնտեսություններում և կենդանաբանական այգիներում, մնացածը պահվում են պետական հաստատություններում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ 2022 թվականից ի վեր գրիպի վիրուսներով, դրանց թվում՝ H5N1-ով, կաթնասունների շրջանում մահացու բռնկման դեպքերի աճ է գրանցվել:
Կազմակերպության հայտարարության մեջ նաև նշվում է, որ մարդկանց շրջանում H5N1 վարակը տատանվում է թեթևից մինչև ծանր վիճակի միջև, իսկ որոշ դեպքերում կարող է անգամ մահացու լինել:





























