Մեքսիկայում զինվորականների կրակոցներից՝ ուղղված 33 միգրանտներից բաղկացած խմբի դեմ, մահացել է վեց մարդ, նրանք փորձում էին ամենագնացներով թաքնվել զինվորներից, որոնք պարեկում էին Գվատեմալային սահմանակից Չյապաս նահանգի շրջանում։ Այս մասին նշվել է Մեքսիկայի ՊՆ հայտարարությունում։

Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան Վիլյա-Կոմալտիտլան-Ուիստլա մայրուղում, Չյապաս նահանգի հարավում։

«Մեքսիկայի բանակի զինծառայողները ցամաքային պարեկման ժամանակ հայտնաբերել են մեծ արագությամբ սլացող պիկապ, որի [վարորդը], տեսնելով զինվորականներին, փորձել է թաքնվել։ Նրանք հետեւել են երկու ֆուրգոնների, որոնք օգտագործվում են այդ շրջանում հանցավոր խմբավորումների դեմ։ Անձնակազմը տեղեկացրել է, որ լսել է կրակոցներ, ուստի երկու զինծառայող զենք է կիրառել՝ այդ կերպ կանգնեցնելով մեքենաներից մեկը»,- տեղեկացրել են գերատեսչությունում։

ՊՆ-ում նշել են, որ կանգնեցված մեքենայում 33 միգրանտ կար Կուբայից, Հնդկաստանից, Նեպալից, Պակիստանից եւ արաբական երկրներից։

«4 հոգի զոհվել է, 12 հոգի՝ վիրավորվել, 17 մարդ չի տուժել։ Զինվորականները վիրավորներին ցուցաբերել են առաջին բուժօգնություն՝ անհապաղ նրանց հասցնելով Ուիստլայի հոսպիտալ, մահացել է եւս երկու հոգի»,- նշվել է գերատեսչության հայտարարությունում։

Կրակ բացած երկու զինվորները հեռացվել են ծառայությունից։ Գլխավոր դատախազությունը հետաքննություն կանցկացնի, որպեսզի պարզի նրանց պատասխանատվության աստիճանը եւ այն, թե արդյոք նրանց գործողությունները կապված են ռազմական կարգապահության խախտման հետ։