Հունաստանի ոստիկանությունը ոչնչացրել է ավելի քան 8300 անօրինական աճեցված կանեփի բույս Կենտրոնական Հունաստանում գտնվող եգիպտացորենի ֆերմայում, որը երկրում երբևէ հայտնաբերված կանեփի ամենամեծ քանակներից մեկն է, հայտնում է Reuters-ը։
Իշխանությունները արմատախիլ են արել մոտ 1300 բույս և ոչնչացրել ևս 7000 բույս, որոնցից մի քանիսի բարձրությունը հասնում էր 3,5 մետրի: Դրանց արմատները միահյուսված են եղել եգիպտացորենի հետ:
44-ամյա ֆերմայի սեփականատերը ձերբակալվել է հանցավոր խմբի կազմում ապօրինի կանեփ աճեցնելու և թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով։
Բույսերի քանակից ելնելով` իշխանությունները գնահատում են, որ «ֆերմերները» նպատակ են ունեցել ապօրինի 15 միլիոն եվրոյի շահույթ ստանալ։
Հունաստանն օրինականացրել է կանեփը բժշկական օգտագործման համար 2017 թվականին, իսկ մեկ տարի անց վերացրել է դրա մշակման և արտադրության արգելքը։
Ժամանցային նպատակներով կանեփի պահումը, արտադրությունը և վաճառքը մնում է անօրինական։
Թմրամիջոցների վերահսկման եվրոպական գործակալության տվյալներով՝ կանեփն աշխարհում ամենաշատ օգտագործվող ապօրինի թմրամիջոցն է, և ԵՄ-ում հայտնաբերված բուսական կանեփի մեծ մասը աճեցվում է նրա 27 անդամ երկրներում:





























