Նիդերլանդների LAM թանգարանում աղբամանի մեջ դատարկ գարեջրի երկու բանկա հիշեցնող արվեստի նմուշ է հայտնաբերվել. պարզվել է, որ թանգարանի աշխատակիցն այն պատահաբար էր նետել աղբարկղը՝ կարծելով, թե դա աղբ է:

Ֆրանսիացի նկարիչ Ալեքսանդր Լավեի «All The Good Times We Spent Together» («Մեր միասին անցկացրած բոլոր լավ ժամանակները») վերնագրված աշխատանքը, առաջին հայացքից թվում է, թե դեն նետված և ճմռթված գարեջրի երկու բանկա է:

Սակայն ավելի ուշադիր ուսումնասիրելուց հետո պարզվում է՝ դրանք իրականում ձեռքով մանրակրկիտ ներկված են ակրիլային ներկերով և «ստեղծելու համար շատ ժամանակ և ջանք ու եռանդ է պահանջվում», նշում են թանգարանում:

Բայց դրանց գեղարվեստական ​​արժեքն, ըստ երևույթին, ոչինչ չէր նշանակում «մաքրակենցաղ» մեխանիկի համար, որն արվեստի ստեղծագործությունը վերելակում տեսնելով՝ այն նետել է աղբարկղը։

Նիդերլանդների արևմտյան Լիսում տեղակայված LAM թանգարանի ներկայացուցիչ Ֆրուկյե Բադինգը Ֆրանսպրես գործակալությանը հայտնել է, որ թանգարանը հաճախ է արվեստի գործեր տեղադրում անսովոր վայրերում, բնականաբար, զարմանալի չէ, որ դրանցից մեկն էլ ցուցադրվել է վերելակում:

«Մենք մշտապես փորձում ենք զարմացնել մեր այցելուներին»,-պարզաբանում է նա:

Թանգարանի համակարգող Էլիզա վան դեն Բերգը վերադառնալով կարճատև ընդմիջումից՝ նկատել է, որ բանկաներն անհետացել են։

Նա արվեստի ստեղծագործությունը հանել է աղբի տոպրակից հենց այն պահին, երբ հավաքարարները պատրաստվում էին դրանք դուրս տանել թանգարանից:

«Հիմա արդեն արվեստի ստեղծագործությունը տեղադրել ենք ավելի ավանդական վայրում՝ պատվանդանի վրա, որպեսզի նա կարողանա հանգստանալ իր գլխին եկած արկածից հետո»,-պատմում է Բադինգը:

Նա շեշտել է, որ չի վիրավորվել մեխանիկից, որը թանգարանում նոր էր աշխատանքի տեղավորվել։ «Նա պարզապես իր գործն էր անում»,-ասում է թանգարանի համակարգողը: