Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաք Մումբայում բարձրաստիճան քաղաքական գործիչը, որը հայտնի էր նաև Բոլիվուդի հետ իր սերտ կապերով, գնդակահարվել է Մահարաշտրա նահանգի կարևոր ընտրություններից շաբաթներ առաջ, հայտնում է Associated Press-ը:

66-ամյա Բաբա Սիդիկը գնդակահարվել է շաբաթ երեկոյան Մումբայում իր որդու գրասենյակի մոտ, ասվում է ոստիկանության հայտարարության մեջ: Ավելի ուշ, ստացած վերքերից նա մահացել է Լիլավատիի քաղաքային հիվանդանոցում։ Սիդիկը տասնամյակներ շարունակ կապված է եղել «Հնդկաստանի ազգային կոնգրես» կուսակցության հետ, սակայն վերջերս մտել էր Մահարաշտրա նահանգը  կառավարող տարածաշրջանային կուսակցության մեջ: Նա նաև մտերիմ էր Բոլիվուդի մի քանի գերաստղերի հետ և հայտնի էր շքեղ երեկույթներ կազմակերպելով։

Մահարաշտրայի գլխվոր նախարարի տեղակալ Աջիթ Պավարը, որը նույն քաղաքական կուսակցությունից է, ինչ Սիդիկը, ասել է, որ ցնցված է սպանությունից: «Միջադեպը մանրակրկիտ հետաքննվելու է և խստագույն գործողություններ կձեռնարկվեն հարձակվողների նկատմամբ։ Կբացահայտվի նաև հարձակման կազմակերպիչը», - ասվում է Պավարի հայտարարության մեջ:

Press Trust of India լրատվական գործակալությունը հայտնել է, որ հարձակման մեջ կասկածվող երկու անձ է ձերբակալվել, իսկ ոստիկանությունը որոնում է ևս մեկին:

NDTV-ն հայտնում է, որ երկու կասկածյալները պնդում են, որ իրենք հանցագործ խմբավորման անդամներ են, որոնք նախկինում բազմաթիվ սպանություններ են կատարել։

Սպասվում է, որ Մահարաշտրայում ընտրությունները կանցկացվեն նոյեմբերին։