Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցն ունի տնօրենի իր թեկնածուն, որը հավակնորդ է եւ զարմանալի է, որ ուզում են դրսից բերել տնօրեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի նախկին տնօրեն, այժմ ուսուցիչ Անահիտ Խոսրովյանը:
Այդ ընթացքում տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Քրիստինե Դումանյանը արագ հեռացավ՝ խուսափելով լրագրողների հետ շփումից։
«Այս տիկնոջը խոսք են տվել նախարարությունից ու քաղաքապետարանից, որ իրեն անպայման կտան տնօրենի պաշտոն, դրա համար թիրախում գտնվեց թիվ 20 դպրոցը: Ինքը եղել է դպրոցի տնօրեն, հետո այդ դպրոցի նախկին տնօրենը դատարանով վերականգնվել է պաշտոնում, իսկի իրեն ասել են՝ դու սպասիր»,-ասաց Խոսրովյանը։
Նրա խոսքով, դպրոցի տնօրենի թափուր տեղի հավակնորդ Վերոնիկա Բաբաջանյանին, որն իր կոլեգան է և ուսուցիչների մեծ մասը հենց նրան է ցանկանում տեսնել տնօրենի պաշտոնում, առաջարկել են մեկ այլ դպրոցի տնօրենի աշխատանք։ Ասում են՝ Բաբաջանյանի մայրը նախկինում եղել է այս դպրոցի տնօրեն, տեսնում են կոռուպցիոն ռիսկեր։
«Կոռուպցիա չի կարող լինել, քանի որ այսօրվա կարգավորումներով ընտրվում են երկու տնօրեններ՝ ուսումնական ու ֆինանսական գծով։ Ուսումնական գծով տնօրենի մոտ կոռուպցիա չի կարող լինել, ժողովուրդ ջան։ Սա աբսուրսի ժանրից է։ Ուղղակի դա իրենց ցանկությունն է, ավելի շատ իրենց ձեռք է տալիս ընտրել այն թեկնածուին, որ կլինի իրենց կողքին, իրենց կատարածուն: Ավել բան ես չեմ տեսնում: Վերոնիկա Բաբաջանյանին հարցազրույցի ժամանակ հարցեր են տալիս, պատասխանը ճիշտ է լինում, ասում են՝ սխալ է: մենք չենք եկել ժողովրդավար երկիր, մենք եկել ենք նորից ԽԾԲ մի երկիր, որտեղ անպայման պետք է լինի ծանոթ»,- ընդգծեց նա:
Նշենք, որ հինգշաբթի օրը ԱԱԾ-ն ներխուժել էր Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց ու երեխաների աչքի առաջ բերման ենթարկել ֆիզիկայի ուսուցչին, ով մեղադրվում է անառակաբարո գործողություններ կատարելու մեջ:
Իսկ արդեն այսօր հայտնի դարձավ, որ տնօրենի պաշտոնակատար են բերում դրսից թեկնածուի, որն իմանալով մի շարք ծնողներ եկել էին դպրոց իրենց բողոքը հայտնելու:
Որպես դպրոցի տնօրենի պաշտոնակատար նշանակվել է Քրիստինե Դումանյանը, որի ամուսինը, ըստ լուրերի, ԱԱԾ-ում է աշխատում։




























