Երեկ ինձանից այս թեմայով կրկին մեկնաբանություն են խնդրել, ես ասել եմ, որ այս թեմայով մեկնաբանություն չեմ տալիս: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն՝ անդրադառնալով արդարադատության նախարար նշանակվելու մասին լուրերին:
«Երեկվանից մինչև այսօր բան չի փոխվել, այսպես եմ որոշել՝ մեկնաբանություն չեմ տալիս: Մյուս թեկնածուների առումով չեմ կարող որևէ բան ասել, ով ոնց ճիշտ է գտնում, այդպես մեկնաբանություն կամ տալիս է, կամ չի տալիս:
Ես ձեզ հավատացնում եմ, եթե մինչև երեկո էլ այդ հարցը կրկնեք, չեմ հոգնելու, ասելու եմ, որ մեկնաբանություն չեմ տալիս: Ասեմ ավելին՝ վարչության քննարկումների, վարչապետի որոշումների ու մյուս հանգամանքների մասին կան տեղեկացման պաշտոնական խողովակներ, որոնք այնպես չէ, որ չեն աշխատում, որ պետք է փոխարինվեն իմ մեկնաբանությամբ»,- ասաց նա:
Լրագրողներն, այնուամենայնիվ, հետաքրքրվեցին, թե հնարավոր համարո՞ւմ է քաղաքային իշխանությունից գործադիր մարմին տեղափոխվելը, Գրիգորյանն ասաց.
«Ոնց ասեմ, որ այս թեմայով մեկնաբանություն չեմ տալիս, որ էլ հարց չտաք»:
Նշենք, որ արդարադատության նախարարի պաշտոնի համար թեկնածուների շարքում նշվում են Սուրեն Գրիգորյանի, ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի անունները:





























