Ռուսաստանի ռազմական տնտեսությունը մոտ է վերջին ռեզերվների սպառվելուն։ 2025 թվականից ռուսական ՀՆԱ աճի տեմպերը կդանդաղեն գրեթե եռակի եւ կշարունակեն անկումը հաջորդ տարիներին, կանխատեսում են Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները։
Նրանց գնահատմամբ՝ այս տարի ՌԴ տնտեսությունը կավելանա 3,6 տոկոսով, իսկ հաջորդ տարի՝ արդեն միայն 1,3 տոկոսով։ 2029թ. աճի տեմպերը Ռուսաստանում կնվազեն մինչեւ 1,2 տոկոս, նշվել է հիմնադրամի հոկտեմբերի հաշվետվությունում։
ԱՄՀ գնահատականներով՝ հաջորդ տարի Ռուսաստանը մեկ երրորդով ավելի դանդաղ կաճի, քան զարգացած երկրները (1,8 տոկոս), եւ եռակի դանդաղ զարգացողներից (4,2 տոկոս)։ Չինաստանից, որի համար հիմնադրամը կանխատեսում է 4,5 տոկոս աճ, ռուսական տնտեսությունը հետ կմնա 3,5 անգամ, իսկ Հնդկաստանից (6,5 տոկոս)՝ 5 անգամ։
«Կտրուկ արգելակումը», գրել է ԱՄՀ-ն, կդառնա մասնավոր սպառման եւ ներդրումների աճի դանդաղման, ինչպես նաեւ աշխատող ձեռքերի անբավարարության արդյունքը, որը նախագահ Վլադիմիր Պուտինը գնահատել է 2,5 մլն մարդ։ Բացի այդ, հիմնադրամը կանխատեսում է նավթի գնի անկում՝ մեկ բարելը 81,29 դոլարից այս տարի մինեւ 72, 84 դոլար՝ հաջորդ տարի։
Պատերազմի առաջին տարում ՌԴ ՀՆԱ-ն ընկել է ընդամենը 1,2 տոկոսով, հինգ անգամ ավելի քիչ, քան նախապես կանխատեսում էր կառավարությունը։ Իսկ արդեն 2023թ. Ռոսստատը սկսել է զեկուցել աճի մասին, որը լիովին փոխհատուցել է ռեցեսիան. անցած տարի, պաշտոնական վիճակագրության համաձայն, տնտեսությունն աճել է 3,6 տոկոսով, իսկ ընթացիկի հունվար-օգոստոսին՝ 4,2 տոկոսով։



























