Իրականացվում է ավելի քան մեկ միլիոն մարդու տարհանում Օդիշա նահանգից (Բենգալյան ծոց)՝ մոտեցող «Դանա» արեւադարձային ցիկլոնի պատճառով։ Այս մասին տեղեկացրել է Օդիշայի գլխավոր նախարար Մոհան Չարան Մաջին։

Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ տարերքի հարվածը տեղի կունենա հինգշաբթի երեկոյան։ Տեղի բնակիչները պետք է տարհանվեն վտանգավոր վայրերից տեղի ժամանակով մինչեւ ժամը 11.00-ն։ «Նահանգի կառավարությունը լիովին պատրաստ է հաղթահարել ցանկացած իրավիճակ։ Ես մարդկանց կոչ եմ անում խուճապի չմատնվել։ Մենք ուշադիր հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը»,- Մաջիի խոսքերը մեջբերել է The Indian Express թերթը։

Ժամանակավոր ապաստարաններում արդեն տեղավորվել են 400 հազար մարդիկ։ Օդիշայի իշխանությունները նշել են 3 հազար գյուղեր, հիմնականում մերձափնյա գծում, որոնք կհայտնվեն ցիկլոնի էպիկենտրոնում։ Քամու արագությունն այնտեղ կարող է հասնել 100-120 կմ/ժ-ի։

Նահանգում կանխատեսվում են ուժեղ անձրեւներ, որոնք կարող են հանգեցնել տարածքների հեղեղման, այդ թվում մանգրային հավերժ կանաչ անտառներում։ Այս առնչությամբ բնապահպանները նախազգուշացնում են կոկորդիլոսների եւ օձերի հնարավոր տեղաշարժի մասին դեպի բնակավայրեր։ Ձեւավորվել են սողունների փրկության թիմեր։