Գերմանիայի կենդանաբանական այգուց չղջիկը փախել է՝ վայրէջք կատարելով այցելուի վրա և թաքնվելով նրա հագուստի մեջ, հայտնում է UPI-ն։

30-ամյա Էլինա Օֆելեն ասում է, որ անցյալ շաբաթ ինքը և իր փոքր որդին քայլում էին չղջիկների քարանձավով Կարլսրուեի կենդանաբանական այգում, որը գտնվում է Գերմանիայի հարավ-արևմուտքում:

Երբ նա տուն է վերադարձել ու հանել բաճկոնը, չղջիկն ընկել է հատակին։

Կինը կապվել է կենդանիների մասնագետի հետ և գիշերը չղջիկը դրել է մեղրաջրով և բանանով տուփի մեջ, որպեսզի այն լավ սնվի և հարմարավետ բնակավայր ունենա:

Հաջորդ օրը նրա ամուսինն ու որդին չղջիկը վերադարձրել են կենդանաբանական այգի։

Կենդանաբանական այգու ներկայացուցիչը հայտնել է, որ տերևավոր չղջիկը վերադարձվել է իր բնակավայր և իրեն լավ է զգում: Նրա խոսքով՝ սա առաջին դեպքն էր, երբ չղջիկը այցելուի հետ կենդանաբանական այգուց փախչում է։