Սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեի դատավարությունը հետաձգվել է 5 ամսով առաջին նիստի մեկնարկից ժամեր անց: Դրա մասին հայտնել է գերմանական Deutsche Welle պարբերականը։
Ըստ Le Parisien թերթի՝ հաջորդ նիստը տեղի կունենա 2025 թվականի մարտի 24-ին։ Դատարանը նաև հանձնարարել է փորձագետին գնահատել 75-ամյա դերասանի առողջական վիճակը։
Հետաձգման համար միջնորդել է դերասանի փաստաբան Ժերեմի Ասսուն, որն առաջին նիստից մի քանի ժամ առաջ հայտարարել է, որ իր պաշտպանյալն առողջական պատճառներով չի կարողանա մասնակցել դրան։
«Ժերար Դեպարդյեն չափազանց ընկճված է, և, ցավոք, բժիշկներն արգելել են նրան մասնակցել նիստին»,- ասել է նա France Info ռադիոկայանի եթերում:
Փաստաբանը հավելել է, որ մեղադրյալն էլ իր հերթին է խնդրել հետաձգել հանդիպումը, որպեսզի կարողանա ներկա լինել և ելույթ ունենալ։
Դատարանը մտադիր է քննել 2021 թվականին նկարահանումների ժամանակ ենթադրյալ սեռական ոտնձգությունների երկու գործ: Երկու կին Դեպարդյեին մեղադրել են «Կանաչ փեղկեր» ֆիլմի նկարահանումների ժամանակ նկարահանման հրապարակում իրենց ոչ պատշաճորեն դիպչելու մեջ: Դերասանին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում և մինչև 75 հազար եվրո տուգանք։ Դեպարդյեն չի ընդունում իր մեղքը:
Ժերար Դեպարդյեն բազմիցս մեղադրվել է սեռական ոտնձգությունների մեջ։ 2023 թվականի ապրիլին միանգամից 13 կին, որոնց թվում՝ դերասանուհիներ և դիմահարդարներ, հայտնել են դերասանի անպարկեշտ պահվածքի մասին։ Իսպանացի լրագրող Ռութ Բասան ավելի ուշ հայտարարել է ոտնձգությունների մասին՝ պնդելով, որ 1995 թվականին Դեպարդյեի կողմից բռնության է ենթարկվել, երբ ինքը հարցազրույց էր վերցրնում նրանից Cinemanía ամսագրի համար:
Ի պատասխան դերասան Պիեռ Ռիշարը, որը բազմիցս նկարահանվել է Դեպարդյեի, Ֆրանսիայի նախկին առաջին տիկին, մոդել և երգչուհի Կառլա Բրունիի և ֆրանսիական մշակույթի 48 այլ ներկայացուցիչների հետ, իր աջակցությունն է հայտնել դերասանին։ Դեկտեմբերին Le Figaro-ի հրապարակած կոլեկտիվ նամակում Դեպարդյեն մեծարվում էր որպես բոլոր ժամանակների մեծագույն դերասան և «կինոյի սուրբ հսկաներից» վերջինը:





























