Հայաստանում 2025թ. նախատեսվում է ապահովել հեռարձակվող ԶԼՄ-ների ազատությունը, անկախությունը եւ բազմազանությունը։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հոկտեմբերի 29-ին ասել է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Գոհար Մամիկոնյանը։

Այդ նպատակների համար, ինչպես նշել է Մամիկոնյանը, պետբյուջեի միջոցներից կհատկացվի 375,9 մլն դրամ։ Այս միջոցները կուղղվեն նաեւ կառույցի ապարատի ծախսերին։

Նրա խոսքով՝ միջոցները կուղղվեն մեկ ծրագրի իրականացմանը՝ «Կարգավորում տեսալսողական մեդիայի ոլորտում»։ «Այն ուղղված է Հայաստանում հեռարձակվող ԶԼՄ-ների ազատության, անկախության եւ բազմազանության ապահովմանը, ինչպես նաեւ վերահսկմանը եւ կարգավորմանը տեսալսողական ոլորտում»,- նշել է Մամիկոնյանը։

Ընդհանուր առմամբ Հանձնաժողովին կտրամադրվի 381 մլն 133 մլն դրամ։