Իսպանիայի Վալենսիա նահանգում 51 մարդ մահացել է տեղատարափ անձրեւների առաջացրած հեղեղումների պատճառով։ Այս մասին տեղեկացրել է El País-ը՝ հղում կատարելով ՆԳՆ միասնական օպերատիվ-համակարգող կենտրոնին։

Ուժեղ անձրեւները հեղեղել են Իսպանիայի արեւելյան եւ հարավային շրջանները հոկտեմբերի 29-ի երեկոյան։ Հրապարակված տեսանյութերում կարելի է տեսնել, թե ինչպես է ջուրը քշում մեքենաներն ու կամուրջները, փողոցները հեղեղված են ջրով։

Վալենսիայում տասնյակ մարդիկ գիշերն անցկացրել են բեռնատարների, խանութների եւ բենզալցակայանների տանիքներին, ինչպես նաեւ իրենց մեքենաներում։ Շատերը փրկվել են, ոմանք մինչ այժմ օգնության են սպասում, իսկ արտակարգ ծառայությունները չեն կարողանում հասնել նրանց ճանապարհների եւ ենթակառուցվածքի վիճակի պատճառով։

 Իշխանությունները գործի են դրել զինվորականներին։ Տարածաշրջանի ղեկավար Կառլոս Մազոնը հայտնել է, որ փրկարար գործողությունը շարունակվում է։

Միրա քաղաքում (Կուենկայի նահանգ) 88-ամյա կնոջը մահացած են գտել իր տանը։ Լետուրում (Ալբասետեի նահանգ) շարունակվում են անհետ կորած վեց մարդկանց որոնումները։

Նախնական տվյալներով՝ երկրում հեղեղումների հետեւանքով զոհվել է առնվազն 52 մարդ։ Մազոնի խոսքով՝ զոհերի եւ տուժածների մասին տվյալները ճշտվում են։

ԶԼՄ-ները գրում են, որ խափանվել է ավիահաղորդակցությունը։ Վալենսիայում որոշ չվերթներ չեղարկվել են կամ վերուղղորդվել այլ շրջաններ։ Այս նահանգում լրիվ դադարեցվել է երկաթուղային կապը, որոշ ճանապարհներ փակ են կամ փակվել են մեքենաներով։ Օդերեւութաբանների տվյալներով՝ ութ ժամում Վալենսիայում տեղացել է 491 միլիմետր անձրեւ, ինչը հավասար է տարեկան նորմին։