Վրաստանի ԿԳ նախարարությունը երկրի ուսանողների համար գրավիչ ծրագիր է պատրաստել: 2012 թվականին ԿԳՆ-ի` «Ուսանողությանը աշխատանքի տեղավորման» ծրագրի շրջանակներում աշխատանք կստանա 25 հազար ուսանող: Այս մասին կառավարության նիստից հետո հայտարարել է Վրաստանի ԿԳ նախարար Դմիտրի Շաշկինը, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
«Հաջորդ տարվանից կսկսենք իրականացնել այս կարեւոր ծրագիրը, որի շրջանակներում ուսանողությանը հնարավորություն կընձեռվի ամառվա ընթացքում` հուլիսի 15-ից օգոստոսի 15-ը աշխատանք ունենալ եւ ստանալ 500 լարի փոխհատուցում»,- նշել է ԿԳ նախարարը, ընդգծելով, որ ուսանողները կարող են աշխատանք ընտրել 50 տարբեր ոլորտներից:
Նշենք նաեւ, որ հաջորդ տարվա մարտի մեկից կբացվի հատուկ էլեկտրոնային բազա, որտեղ կանդամագրվեն աշխատանքի տեղավորվելու ցանկություն ունեցող ուսանողները:




























