Երեւանում, դեկտեմբերի 8-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Հայատանում ԱՄՆ Դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման, ՀՀ փոխվարչապետ  Արմեն Գեւորգյանը եւ այլ հյուրեր նշել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հիմնադրման 50-րդ տարեդարձը:

Իր խոսքում ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման նշել է. «Վերջին քսան տարիների  ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն աշխատել է հայաստանցիների հետ`կառավարության հաշետվողականության եւ  թափանցիկության խթանման, գործարար միջավայրի բարելավման, ինչպես նաեւ երկիրը տարածաշրջանային եւ միջազգային առումով ավելի մրցունակ դարձնելու ուղղությամբ: Մեր ծրագրերը Հայաստանին օգնել են բարելավել հիմնական հանրային ծառայությունները այնպիսի ոլորտներում, ինչպիսին են  ջրային պաշարներն ու էներգետիկան, առավել լավ ուղիներ մշակել  խոցելի բնակչությանը  սոցիալական ծառայությունների տրամադրման համար եւ բարեփոխել առողջության առաջնային պահպանման ծառայությունները»:

1961 թվականի  նոյեմբերի 3-ին ԱՄՆ Նախագահ Ջոն Ֆ. Քենեդին հիմնադրել է ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ)` որպես այլ երկրներին երկարաժամկետ տնտեսական եւ սոցիալական զարգացման օժանդակության տրամադրող առաջին գործակալություն: Այսօր ԱՄՆ ՄԶԳ աշխատակիցները աշխատում են ավելի քան 110 երկրներում:

Գործակալության  օժանդակության ծրագրերը Հայաստանում սկսվել են 1980-ականների վերջին` 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո անհապաղ կարիքները հոգալուն ուղղված մարդասիրական օգնությամբ: Որպես այս  օժանդակության մաս 6800-ից ավել ընտանիքների տրամադրվել են բնակարաններ երկրաշարժից տուժած Շիրակում եւ Լոռիում, իսկ 120 տարածք մաքրվել է` հետագա հանրային օգտագործման համար: Այդ ժամանակներից ի վեր Առաքելությունը կենտրոնացել է  երկրի երկարաժամկետ զարգացման շուրջ եւ սերտորեն համագործակցում է  Հայաստանի կառավարության, մասնավոր բիզնեսների, հասարակական կազմակերպությունների, ԱՄՆ Կառավարության այլ գործակալությունների եւ միջազգային դոնոր կազմակերպությնների հետ` Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը, տնտեսական աճն ու տարածաշրջանային ինտեգրացումը խթանելու նպատակով:

Ներկայումս ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանում իրականացնում է շուրջ 30 ծրագիր ժողովրդավարական  կառավարման, տնտեսական աճի, սոցիալական պաշտպանության, առողջապահության եւ հայ-թուրքական  միջսահմանային  հարաբերությունների ոլորտում:  Վերջին երկու տասնամյակների ընթացքում  Առաքելությունը տրամադրել է ավելի քան 1,3 միլիարդ դոլարի օժանդակություն` Հայաստանի ժաղովրդի բարեկեցությանն ուղղված զարգացման ծրագրերի միջոցով: