Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը դեկտեմբերի 19-20-ին լրագրողական այցելություն է կազմակերպում Գեղարքունիքի մարզ, որի նպատակը մարզի հեռավոր համայնքներում բնակվող կանանց խնդիրների լուսաբանումն է:

Վիճակագրական վերջին տվյալներով` մարզի բնակչության շուրջ 40 տոկոսն ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում, ինչի հետեւանքով Գեղարքունիքը համարվում է Հայաստանի երեք ամենաաղքատ մարզերից մեկը:

Աղքատության ամենահավանական զոհերը հատկապես այն ընտանիքներն են, որտեղ ողջ հոգսն ընկած է կանանց ուսերին: Գեղարքունիքը Հայաստանի այն մարզերից է, որտեղ կանայք, տղամարդկանց միգրացիայով ու ավանդույթներով պայմանավորված, բազմաթիվ, միմյանց հետ փոխկապակցված սոցիալական ու առողջապահական խնդիրներ ունեն:

Լրագրողական այցելության նպատակն է վերհանել կանանց համար հատկապես մտահոգիչ խնդիրները` սեւեռելով տեղական փորձագետների ուշադրությունն այդ հարցերի վրա, ինչպես նաեւ նպաստելով դրանց լուսաբանմանը եւ տեղական լրատվամիջոցներում համապատասխան տեղեկատվության տարածմանը:

Լրագրողները հանդիպումներ կունենան մարզի պաշտոնյաների, փորձագետների եւ ՀԿ ներկայացուցիչների հետ, կլինեն մարզի այն համայնքներում, որտեղ նշված խնդիրներն ավելի սուր են արտահայտված:

Այցելության արդյունքում` մասնակիցները կպատրաստեն հատուկ ռեպորտաժներ Գեղարքունիքի մարզում կանանց խնդիրների վերաբերյալ, որոնք կհրապարակվեն ինչպես իրենց լրատվամիջոցներում, այնպես էլ ՊԽԼԻ-ի հատուկ ներդիրում, որը լույս կտեսնի 2012թ. հունվարին:

Այցելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կից ներկայացված հայտ-առաջարկը եւ ուղարկել այն [email protected] էլ-փոստի հասցեին մինչեւ 2011 թվականի դեկտեմբերի 15-ը:

Այցելությանը մասնակցելու համար կընտրվեն 6 լրագրողներ` լավագույն 6 առաջարկների հեղինակները: