Երեւանում, դեկտեմբերի 10-ի առավոտյան, տեղի կունենա «Քվանտ» վարժարանի հետազոտական կենտրոնի (Բագրատունյաց 25/27) բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա են լինելու ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը, պաշտոնատար այլ անձինք։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ վարժարանը հնարավորություն ունեցավ ավարտին հասցնելու հետազոտական կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները, կահավորել այն, ձեռք բերել հետազոտական լաբորատոր սարքավորումներ, ինչպես նաեւ մեծ քանակությամբ մասնագիտական գրականություն։ Հետազոտական կենտրոնը ծառայում է նաեւ համայնքային նշանակության մի շարք խնդիրների լուծմանը, մասնավորապես տարբեր դպրոցների ուսուցիչների վերապատրաստմանը, աշակերտների համակարգչային գիտելիքների զարգացմանը։
Վարժարանը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ ավարտին է հասցրել նաեւ «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարի երկրորդ մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները։ Արդեն 2012թ. ամռանն այն կօգտագործվի ինչպես վարժարանի աշակերտների ռազմամարզական հավաքների, այնպես էլ տարբեր դպրոցների ուսուցիչների վերապատրաստման, միջազգային ամառային դպրոցի անցկացման եւ դպրոցականների միջազգային օլիմպիադաներին Հայաստանի հավաքական թիմերի նախապատրաստման նպատակով։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամն աջակցություն է ցուցաբերել նաեւ վարժարանի ուսուցիչների նորարարական աշխատանքների խթանման ուղղությամբ։ Համագործակցության արդյունքում մեծ թափ հաղորդվեց 4 համարձակ ծրագրերի։ Դրանցից առաջինը վերաբերում է տարրական դպրոցում համակարգչային հմտությունների ուսուցմանն ու ներդրմանը, երկրորդը՝ Հայաստանի եւ սփյուռքի դպրոցներում «Լոգո» (Logo Microwords) առաջին հայալեզու համակարգչային ուսուցողական միջավայրի ներդրմանը։ Այս ծրագիրը բացառիկ հնարավորություն կստեղծի Հայաստանի դպրոցականների համար աշխարհի տարբեր ծայրերում գտնվող սփյուռքի հայկական դպրոցների՝ իրենց հասակակից աշակերտների հետ համատեղ մայրենի լեզվով ստեղծելու ինտերակտիվ կրթական բովանդակություն։
Երրորդ եւ չորրորդ ծրագրերի շրջանակներում ստեղծվել են անգլերենի եւ ֆիզիկայի ինքնատիպ էլեկտրոնային ուսումնական ձեռնարկներ։



























