Հայաստանի փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր` դեկտեմբերի 9-ին, Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 52-րդ նիստի աշխատանքներին:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ լիագումար նիստի օրակարգում ընդգրկված են տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին ու ուղղություններին վերաբերող մեկուկես տասնյակ հարցեր:

Մասնավորապես քննարկվել են ԱՊՀ անդամ-երկրների ինտեգրացված արժութային շուկայի կազմակերպման ոլորտում համաձայնագրի, ԱՊՀ անդամ-երկրների հիդրոօդերեւութաբանական գործունեության զարգացման ռազմավարության նախագծերը:

Ներկայացվել են նաեւ ԱՊՀ էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդի 2007-2010 թվականների, Գիտատեխնիկական  տեղեկատվության հարցերով միջպետական համակարգող խորհրդի գործունեության հաշվետվությունները: