Անձամբ ճանաչում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտությամբ առնվազն մեկ տասնյակից ավելի երիտասարդների, որոնք տևական ժամանակ աշխատանք են փնտրում ու չեն գտնում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ նկատելով, որ աշխարհում այս ոլորտը դինամիկ զարգանում է, մասնագետների կարիք կա։
«Ամենավտանգավորն այն է, որ այդ երիտասարդները պոտենցիալ միգրանտներ են, որովհետեւ ամբողջ աշխարհն ուղեղների ներգրավման մեծ ծրագրեր է իրականացնում»,- ասաց Ավետիսյանը։
Նրա խոսքով, ոլորտն անկման մեջ է Հայաստանում, կան օբյեկտիվ խնդիրներ, պետությունը պետք է միջամտի, աջակցի: Դիմելով ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանին, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Դուք ասում եք՝ այսքան կաջակցենք, հարկերն այսքան կնվազեցնենք։
Ծրագրային բյուջետավորման ժամանակ դուք պարտավոր եք ցանկացած ծրագրային ուղղություն, որ նախատեսում եք, գոնե նվազագույն ակնկալվող արդյունք ունենա: Որ երբ տարին ավարտվի եւ ձեզ հնարավորություն լինի հարցնել՝ 29 մլրդ դրամը ծախսվել է, ի՞նչ ունենք մենք: Եթե որևէ ցուցանիշ չկա, վաղն այդ փողը կեսը կամ ամբողջը ծախսվելու պարագայում ինչ էլ լինի արդյունքը, դուք ասելու եք՝ սա էր առավելագույնը։
Բա ձեզ ո՞նց պետք է գնահատեն որպես պետական կառավարման մարմին, որ այս փողը հանրության գրպանից տրվել է ձեզ, դուք ծախսել եք՝ մասնակի կամ ամբողջական, լավ, ո՞ր ինչ ունենանք մենք։ Որ ունենանք բարի ցանկություններ կամ վարժ խոսող նախարա՞ր, որ կգա ու կասի՝ այսքան բան արել ենք, այսքան էլ ստացել ենք, սա լավն է։
Ցանկացած ծրագիր, ինչքան էլ բարդ լինի, նոր լինի, պետք է ունենա որոշակի ոչ ֆինանսական ցուցանիշներ, որով գոնե հնարավոր լինի գնահատել՝ ինչքանով ենք մենք տեղ հասել»,- ասաց Թադեւոս Ավետիսյանը։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ասաց, որ այո, կա ուղեղների արտահոսքի հավանականություն, այդ վտանգներից ելնելով են իրենք ցանկանում իրականացնել համապարփակ կարգավորումներ. «Հաշվի առնելով այդ հանգամանքը փող ենք ներդնում ընկերությունների հետ համատեղ, որպեսզի այդ տաղանդներին ներգրավելու նոր գործիքներ առաջարկվեն»,- նշեց նա։




























