Աժ-ում բյուջեի քննարկմանը՝ մտքերի փոխանակության ժամին, ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի ելույթին:
«Ես մի թեթև անդրադառնամ պարոն Ռուստամյանի ելույթին։ Պարոն Ռուստամյան, Ձեր ելույթը շատ, շատ էմոցիոնալ էր, իհարկե, բայց որոշ դրվագների հետ ես պետք է չհամաձայնեմ: Հայ ժողովուրդն այն փոքրաթիվ ազգերից է մարդկության պատմության մեջ, որ հազարամյակների բովով անցնելով՝ այսօր ունի պետականություն»,- ասաց Աղազարյանը:
Դիմելով Ռուստամյանին՝ Աղազարյանն ասաց. «Դուք մեջբերեցիք նաև Եղիշե Շարենցի հայտնի բանաստեղծությունը, ես խորհուրդ կտամ, որ մյուս անգամ, երբ ընթերցեք այդ բանաստեղծությունը, ուշադրություն դարձրեք այն տողի վրա, որտեղ Մասիս սարի մասին է ասվում»:
Աղազարյանը մեկ այլ օրինակ էլ վբերեց. «Պարոն Ռուստամյան, մի լավ, զգացմունքային երգ կա՝ «Երթամ, հասնիմ զիմ Կիլիկիա»: Այդ երգը, երբ լսում եք, ի՞նչ ասոցիացիաներ եք ունենում։ Օրինակ՝ երբ ես լսում էի այդ երգը պատանեկան տարիքում, երիտասարդ տարիքում, լացում էի, բայց երբ մի քիչ մեծացա, ավելի ուսումնասիրեցի այդ դրվագները, հասկացա, բայց ես ինչի՞ համար եմ Կիլիկիայի համար լացում, ինչի՞ համար անտեղի էներգիա ծախսում դրա վրա: Կիլիկիան ո՜ւր, ես ո՜ւր։
Կիլիկիան իմ պատմական հայրենիքը չէ, Վանն իմ պատմական հայրենիքն է, Կարսն իմ պատմական հայրենիքն է։ Էն ժամանակ Ձեր նման կրթված, զարգացած, ուժեղ տղերք, թողեցին մեր հայրենիքը, գնացին ուրիշ տեղ, պետություն ստեղծեցին։ Փառք Աստծո, որ Դուք չեք թողնում հայրենիքը, պայքարում եք իշխանության գալու համար, որ մեզ հեռացնեք իշխանությունից։
Մենք էլ էդ ամեն ինչը հաշվի առնելով, փորձում ենք այնպես անել, որ սխալներ թույլ չտանք, Ձեր դիրքորոշումը ճիշտ դիրքորոշում է»,-դիմելով դաշնակցական Արմեն Ռուստամյանին, ասաց Հովիկ Աղազարյանը։




























