Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 13-ի երեկոյան աշխատանքային ընթրիքի ժամանակ հանդիպում է ունեցել Իտալիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, որտեղ հանդես է եկել ելույթով:
Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ նախագահի խոսքը.
«Ջերմորեն ողջունում եմ ձեզ եւ այս կարեւոր հանդիպումը նախաձեռնողներին: Դարերից եկող հայ-իտալական բարեկամությունը խարսխված է մեր երկու ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող հոգեւոր եւ մշակութային ընդհանրությունների վրա, եւ աշխարհագրական դիրքը երբեք խոչընդոտ չի հանդիսացել մեր ժողովուրդների միջեւ դարեր առաջ հաստատված բարեկամության շարունակական սերտացման համար:
Առեւտրատնտեսական ոլորտում եւս մեր համագործակցությունը պատմական խոր արմատներ ունի: Իտալիայում հայ առեւտրականների մասին առաջին հիշատակությունները վերաբերում են 6-րդ դարին: 12-14-րդ դարերում Կիլիկյան Հայաստանի եւ Իտալիայի տարբեր քաղաքների՝ Ճենովայի, Վենետիկի, Պիզայի, Ֆլորենցիայի միջեւ հաստատվել են առեւտրային սերտ հարաբերություններ: Այդ քաղաքներից մի քանիսը Կիլիկյան Հայաստանում նույնիսկ ունեին իրենց հյուպատոսությունները:
Դուք պատկերացնո՞ւմ եք` Կիլիկիան ճենովացի առեւտրականներին շնորհել է ազատ առեւտրի եւ այլ արտոնություններ դեռ 1201 թվականին, եւ մեկ դար անց նույն արտոնություններն են տրվել Ֆլորենցիայի վաճառականներին: Եվ այսօր մենք փաստորեն բանակցում ենք Եվրամիության հետ, որպեսզի նույն Իտալիայի հետ ունենանք ազատ առեւտուր, այսինքն՝ վերադարձնենք այն, ինչ ունեցել ենք ավելի քան 800 տարի առաջ:
Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո էլ հայ-իտալական առեւտրական սերտ կապերը շարունակվել են. հայերն սկսել են իրենց ներդրումն ունենալ իտալական քաղաքների տնտեսության զարգացման գործում՝ նպաստելով շահութաբեր առեւտրին սեւծովյան երկրների միջեւ: Ձեր ուշադրությունը ուզում եմ հատուկ հրավիրել այն հանգամանքի վրա, որ նույնիսկ պետականության բացակայության պայմաններում մեր երկրների միջեւ տնտեսական կապերը խորացել են: Ուստի այսօր, երբ մենք՝ նկատի ունեմ հայերս, արդեն ունենք պետականություն, ունենք բոլոր հիմքերը մեր առեւտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու համար: Եվ իրականության մեջ այսօր մեր տնտեսական հարաբերությունները չեն արտացոլում մեր քաղաքական հարաբերությունների մակարդակը: Մենք պետք է ջանքեր գործադրենք մեր տնտեսական հարաբերությունները մեր այսօրվա քաղաքական հարաբերությունների մակարդակին հասցնելու համար, եւ այդ ջանքերից մեկն էլ այսօրվա հանդիպումն է:
Հայաստանի եւ Իտալիայի միջեւ ստորագրված են առեւտրատնտեսական ոլորտը կարգավորող բազային համաձայնագրեր, որոնք լավ հիմքեր են ստեղծել համագործակցության զարգացման համար: Հայ-իտալական առեւտրաշրջանառության ընդհանուր ծավալը 2011 թվականի ինն ամիսների տվյալներով անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած աճել է 50 տոկոսով, բայց կազմել է ընդամենը 130 մլն: Իհարկե, շատ լավ է հնչեցնել 50 տոկոս, բայց բնականաբար բացարձակ թիվը չափազանց փոքր է եւ մեզ չի կարող գոհացնել:
Իտալական կապիտալն առկա է մասնավորապես Հայաստանի շինարարության, հյուրանոցային եւ թեթեւ արդյունաբերության ոլորտներում: Այդ ոլորտներում հաջողություններն ակնհայտ են, եւ, կարծում եմ, իտալացի գործարարներն իրենց լավ են զգում մեր երկրում։ Բայց պետք է նշեմ, որ ընդհանուր իտալական ներդրումների ծավալը շատ փոքր է, այն գրեթե 2 անգամ զիջում է կիպրականին, 3 անգամ՝ նիդերլանդականին, 6 անգամ՝ գերմանականին, 8 անգամ՝ հունականին եւ 12 անգամ՝ ֆրանսիականին: Եվ եթե ձեր եվրոպացի գործընկերներն իրենց համար օգտակար կապեր են կարողացել ձեւավորել Հայաստանում, վստահ եմ, որ իտալացիները նույնպես կարող են դա անել, միգուցե, ավելի մեծ հաջողությամբ: Այժմ մենք իրականացնում ենք մեծ ենթակառուցվածքային եւ էներգետիկ ծրագրեր: Կառուցում ենք հյուսիս-հարավ մայրուղին, որը սեւծովյան նավահանգիստները կկապի Պարսից ծոցի նավահանգիստների հետ: Ծրագրման փուլում է նաեւ հյուսիսհարավ երկաթուղու կառուցումը: Ընթացքում են նաեւ Հայաստանի ատոմակայանի նոր բլոկի կառուցմանն ուղղված աշխատանքները, ինչն ավելի կուժեղացնի Հայաստանի դիրքերը տարածաշրջանային էներգետիկ շուկայում: Մեր ռուս եւ ֆրանսիացի գործընկերներն արդեն իսկ ցանկություն են հայտնել մասնակցել այդ ծրագրերին: Եվ, բնականաբար, իտալացի գործարարներին էլ եմ կոչ անում ակտիվ համագործակցություն հաստատել մեզ հետ այս ոլորտներում: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում Հայաստանում ստեղծվող Ազատ տնտեսական գոտիների ձեւավորմամբ բացվող համագործակցության հնարավորություններին: Իտալացի գործարարների համար հետաքրքիր ոլորտներ կարող են հանդիսանալ փայտամշակումը եւ կահույքի արտադրությունը, ոսկերչությունը, գյուղատնտեսությունը, գյուղատնտեսական մթերքների վերամշակումն ու պահածոյացումը եւ այլն: Կարծում եմ, որ շատ հեռանկարային ոլորտ է նաեւ զբոսաշրջությունը:
Ուզում եմ նշել համագործակցության եւս մի բնագավառ: Փոքր եւ միջին բիզնեսը կազմում է Իտալիայի տնտեսության հիմքը, ինչը կարող է լավագույն օրինակ հանդիսանալ Հայաստանի համար: Մենք հետաքրքրված ենք Իտալիայի հետ հատկապես այս ոլորտում համագործակցելու, ինչպես նաեւ ուսումնասիրելու իտալական փորձը՝ հաշվի առնելով մեր ժողովուրդների խառնվածքային եւ մտածողության ընդհանրությունները, մասնավորապես՝ ընտանեկան բիզնեսի նկատմամբ վառ արտահայտված միտվածությունը։ Կարծում եմ` դեռ առիթ կունենանք ավելի մանրամասն խոսել Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումների մասին: Սակայն ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի ներկա մակրոտնտեսական իրավիճակը գնահատվում է որպես կայուն, պահպանվում է ֆինանսական եւ դրամավարկային կայուն իրավիճակը, իսկ տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները միտում ունեն անընդհատ բարձրացնելու մեր երկրի ներդրումային գրավչությունն ու գործարարությամբ զբաղվելու ազատությունն ու պաշտպանվածությունը:
Արեւելյան գործընկերության մեկնարկը Հայաստան-ԵՄ հարաբերությունները տեղափոխել է որակական նոր մակարդակ: Սա շատ լուրջ նոր հնարավորություններ է բացելու նաեւ հայ-իտալական գործարար համագործակցության համար: Բանակցություններ են ընթանում Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի շուրջ, առաջիկայում կմեկնարկեն Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունները, որոնց ավարտից, փաստաթղթերի կնքումից հետո Հայաստանը կունենա ԵՄ-ի հետ առավելագույնս ինտեգրացված եւ ազատականացված տնտեսական հարաբերությունների համակարգ: Այսօր արդեն իսկ Հայաստանը օգտվում է Եվրամիության կողմից տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգի Համալրված ռեժիմից, որը, տրվելով միայն խիստ սահմանափակ երկրների, վկայում է Հայաստանում լավ կառավարման առկայության մասին եւ էական արտոնյալ առեւտրային ռեժիմ է սահմանում Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության անդամ երկրների միջեւ: Կնքելու ենք նաեւ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման համաձայնագիր: Բացի այդ, եվրոպական կառույցների ֆինանսական եւ փորձագիտական աջակցությամբ նախատեսում ենք երկրում լայնածավալ բարեփոխումների անցկացում՝ հարկային եւ մաքսային ոլորտներ, դատական համակարգ, գործարար ընթացակարգերի թեթեւացում, ինչը միայն ու միայն հեշտացնելու է ձեր աշխատելու հնարավորությունները Հայաստանում: Պատրաստ ենք քննարկելու արտոնությունների տրամադրման հարցերը ոչ միայն գործադիրի, այլեւ օրենսդրական մակարդակով:
Թույլ տվեք մեկ անգամ եւս ողջունել այսօրվա հավաքի մասնակիցներին, շնորհակալություն հայտնել ձեր հատկացրած ժամանակի համար եւ հույս հայտնել, որ մեր հաջորդ հանդիպման ժամանակ կարող ենք արդեն իսկ արձանագրել որոշակի արդյունքներ»:




























