Մոսկվայի կառավարական պատվիրակությունը՝ քաղաքապետ Լուժկովի գլխավարությամբ, այսօր՝ նոյեմբերի 13-ին ժամանել է Աբխազիա։ Սուխումում, ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Մոսկվայի եւ Աբխազիայի կառավարությունների միջեւ նախատեսվում է համագործակցության մի շարք համաձայնագրեր ստորագրել առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար-մշակութային ոլորտներում։
Պատվիրակության կազմում են նաեւ Մոսկվայի հողային հարաբերությունների համալիրի եւ մայրաքաղաքի պարենամթերային պաշարների դեպարտամենտի, ինչպես նաեւ արտաքին տնտեսական կապերի դեպարտամենտի ղեկավարները։
Մոսկվայի պատվիրակությունը Աբխազիային հումանիտար օգնություն կտրամադրի՝ շտապօգնության մեքենա, լաբորատոր սարքավորումներ, բժշկական ապրանքներ եւ կահույք, հայտնում է «Ինտերֆաքսը»։




























