Եվրամիության տնտեսական անկումը կանգ է առել։ Տնտեսական ցուցանիշների ամփոփումը ցույց է տալիս, որ այս տարվա երրորդ եռամսյակում Եվրամիության 27 երկրների տնտեսական աճը կազմել է 0.2 տոկոս։ Ընդ որում՝ Եվրամիության 16 երկրներում, որտեղ շրջանառվող դրամը եվրոն է, տնտեսական աճի ցուցանիշներն ավելի բարձր են եղել՝ 0.4 տոկոս։

Այնուամենայնիվ, փորձագետները նշում են, որ ակնկալում էին տնտեսական աճի ավելի բարձր ցուցանիշներ, մինչդեռ, Եվրամիության մի շարք երկրներում, օրինակ՝ Իսպանիայում, տնտեսական անկումը շարունակվում է։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում այդ ընթացքում արձանագրվել է 9 տոկոս տնտեսական անկում, իսկ ռեկորդակիրը այդ հարցում Հայաստանն է, որտեղ տնտեսությունը արձանագրել է 18,3 տոկոս տնտեսական անկում: Եւ դա այն դեպքում, երբ ոչ մի այլ երկիր այս տարվա ընթացքում չի ստացել այնքան ֆինանսական օժանդակություն` վարկային միջոցների տեսքով, որքան Հայաստանը: Այս տարի Հայաստանը ԲՀ-ից, ԱՄՀ-ից, Ասիական բանկից ու Ռուսաստանից ստացել է մոտ 2 միլիարդ դոլարի վարկ: